Մարզային

Գյումրիում հերթական անգամ կանցկացվի երաժիշտ-կատարողների «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնը

2 րոպեի ընթերցում

Գյումրիում հերթական անգամ կանցկացվի երաժիշտ-կատարողների «Վերածնունդ» միջազգային  մրցույթ-փառատոնը

ԳՅՈՒՄՐԻ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ , ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս տարի Գյումրիում հերթական անգամ կանցկացվի երաժիշտ-կատարողների «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնը: Արդեն չորրորդ անգամ անցկացվող փառատոնն այս անգամ իր մասնակիցներին կհյուրընկալի ապրիլի 10-19-ը: Փառատոնն անցկացվում է ՀՀ մշակույթի նախարարության, Երեւանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի եւ Մարդկային ռեսուրսների «Փյունիկ» համահայկական հիմնադրամի նախաձեռնությամբ: Փառատոնի նպատակն է խթանել դասական արվեստի տարածումը, կապեր ստեղծել տարբեր ազգերի արվեստագետների միջեւ:

Մրցույթ-փառատոնի շրջանակներում, բացի երիտասարդ կատարողների մրցույթից, տեղի կունենա «Հայաստանը եւ համաշխարհային մշակույթը» միջազգային չորրորդ գիտաժողովը: Այս տարի առաջին անգամ կանցկացվի նաեւ երիտասարդ կոմպոզիտորների միջազգային I մրցույթը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց փառատոնի արտասահմանյան կապերի համակարգող Վահագն Հովհաննիսյանը, մրցույթ-փառատոնին մասնակցելու հայտերի ընդունման վերջնաժամկետ է սահմանված մարտի 15-ը, սակայն արդեն փառատոնի կազմկոմիտեն ստացել է տասնյակ հայտեր:

«Ինչպես անցած տարիներին, այս տարի եւս փատոնին կմասնակցեն Վրաստանի, ՌԴ-ի (Մոսկվա, Ռոստով, Կալուգա), Հունաստանի, ֆրանսիայի, Իտալիայի, Էստոնիայի, Ղազախստանի, Լիտվայի եւ Պարսկաստանի կոնսերվատորիաների եւ արվեստի դպրոցների ներկայացուցիչները: Մասնակիցների հայտերի թիվն օրեցօր ավելանում է եւ կհստակեցվի միայն մարտի 15-ից հետո: Այս փառատոնն ամեն տարի մեծացնում է իր աշխարհագրական սահմանները եւ մասնակիցների թիվը: Ժյուրիի կազմը նույնպես շատ ներկայացուցչական է»,-նշեց Վ. Հովհաննիսյանը:

Ավելացնենք, որ 2011-ի փառատոնին մասնակցում էին 23 երկրների ավելի քան 1218 մասնակից: Մրցույթն անցկացվել է յոթ անվանակարգերով, մեկ փուլով եւ չորս տարիքային խմբերով:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում