Քաղաքականություն

Երկրապահները սատարում են Սերժ Սարգսյանին

2 րոպեի ընթերցում

Երկրապահները սատարում են Սերժ Սարգսյանին

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեր ժողովուրդը գնահատում է երկրապահի ներդրումը Հայաստանի կայացման գործում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նման հայտարարությամբ հանդես եկավ Երկրապահ կամավորականների միության նախագահ Մանվել Գրիգորյանը՝ ԵԿՄ 9-րդ համագումարի ընթացքում:

«Այս գարնանն անցկացվելու են համապետական ընտրություններ: Մենք պետք է ակտիվ մասնակցություն ունենանք դրանց ընթացքում»,- նշեց Գրիգորյանը:

Դիմելով համագումարին ներկա ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին՝ ԵԿՄ վարչության նախագահն ասաց. «Դուք մեր մարտական ընկերն եք, մեզ հետ միասին անցել եք մարտական ուղի: Մենք հավատում և վստահում ենք Ձեզ, սատար ենք կանգնում ձեր նախաձեռնություններին արտաքին մարտահրավերներին դիմակայելու համար: Հավատում ենք, որ ջանք չեք խնայելու բարեկեցիկ երկիր կառուցելու համար»:

Նրա խոսքով՝ ամեն մի հայ հոգու խորքում իրեն երկրապահ է զգում: «Մենք ազատագրել ենք հայրենիքի միայն մի փոքր մասը»,- նշեց Գրիգորյանը:

ԵԿՄ վարչության նախագահի ներկայացմամբ՝ երկրապահը կանգնած է եղել բանակի ակունքներում, այսօր էլ մնում է բանակի քաջերի հիմնական մատակարարը: «Կարևորը ոչ միայն ձեռք բերելն է, այլ ձեռք բերածը պահպանելը և հաջորդ սերունդներին փոխանցելը: Մենք հավատում ենք երիտասարդ և պատանի երկրապահների սերնդին: Համախմբվե՛նք, որ կարողանանք պահպանել մեր ամենամեծ ձեռքբերումը»,- նշեց Գրիգորյանը:

Մանվել Գրիգորյանն անդրադարձավ նաև ԵԿՄ կատարած աշխատանքներին և նշեց, որ կազմակերպությունը շարունակում է ուշադրություն դարձնել զոհված ազատամարտիկների ընտանիքների, ինչպես նաև հաշմանդամ դարձած զինվորականների սոցիալական խնդիրներին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում