1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում փետրվարի 12-ին Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսն ընդունել է մի խումբ ավստրիացի կաթոլիկ ուսանողների` հայագետ Յասմին Դունթղագութի ուղեկցությամբ:
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից «Արմենպրես»-ին հայտնեցին, որ Յասմին Դունթղագութը շնորհակալություն է հայտնել Վեհափառ Հայրապետին ընդունելության համար եւ ներկայացրել այցելության նպատակը: Նա մասնավորապես նշել է, որ Ավստրիայի տարբեր քաղաքներից ու համալսարաններից հավաքված և տարբեր մասնագիտություններ ունեցող ուսանողների այս խումբն ամեն տարի այցելում է որևէ մի քրիստոնյա երկիր։ Այս տարի խումբն այցելել է Հայաստան` ծանոթանալու հայկական հարուստ մշակույթին, պատմությանը, եկեղեցուն և առհասարակ հայերի առօրյա կյանքին:
Վեհափառ Հայրապետը ուրախություն է հայտնել ուսանողներին ընդունելու կապակցությամբ` նշելով, որ նրանց այցելությունը հիշեցնում է իր ուսանողության տարիներն Ավստրիայում: Նորին Սրբությունն իր օրհնությունն է բերել երիտասարդներին` մաղթելով, որ Հայաստանի հարուստ հոգևոր մշակույթը նորանոր ներշնչումների աղբյուր դառնա նրանց համար: