Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել Սերոբ Տեր-Պողոսյանի դատավճիռը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ,5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը չի բավարարել «Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատ»-ի տնօրեն Սերոբ Տեր-Պողոսյանի պաշտպանի ներկայացրած վերաքննիչ բողոքը:Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազությունից, Վերաքննիչ դատարանն ուժի մեջ է թողել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2011թ. նոյեմբերի 17-ի դատավճիռը:

Հիշեցնենք, որ ըստ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռի` «Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատ»-ի տնօրեն Սերոբ Գորիոն Տեր-Պողոսյանը դատապարտվել էր ազատազրկման 15 տարի ժամկետով այն բանի համար, որ նա մի շարք անչափահաս, այդ թվում` սեռական հասունության չհասած տղաների հետ, վերջիններիս կամքին հակառակ, օգտագործելով նրանց անօգնական վիճակը` կարիքավոր դրությունը, տարիքով պայմանավորված հոգեբանական խոցելիությունը և իր ազդեցիկ դիրքից առաջացած վախի զգացողությունը, զբաղվել է համասեռամոլությամբ և սեքսուալ բնույթի այլ գործողություններով:

Սեռական ոտնձգության զոհերի հարմար թեկնածուներ ընտրելու նպատակով Տեր-Պողոսյանը 2004-2010թթ. ընթացքում, տարբեր պատրվակներով, այդ թվում` նրանց հանգիստը սկաուտական ճամբարներում և արշավներում կազմակերպելու, դպրոցներում և սպորտային խմբակներում հանդիպումներ անցկացնելու ընթացքում կատարել է դիտարկումներ, այդ թվում` կինո և ֆոտո նկարահանումներ, ընտրել առավել խոցելի` նյութապես անապահով խավի, ծնողազուրկ, հիմնականում հայր չունեցող, բարետես արտաքինով տղաների, որոնց առաջին իսկ հանդիպման ժամանակ գայթակղելու համար անհատույց տվել է մինչև 100.000 դրամի հասնող գումարներ: Սերոբ Տեր-Պողոսսյանի սեքսուալ բնույթի բռնի գործողություններից տուժել էր 10 անձ:

Հայերեն