Միջհամայնքային համագործակցության մոդելը կներդրվի բոլոր մարզերում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը հունվարի 27-ին ընդունել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) հայաստանյան գրասենյակի ղեկավար Չիմա Ջեթինդերին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնից, հանդիպման ընթացքում քննարկվել են ԱՄՆ ՄԶԳ-ի ծրագրերի ընթացքին, գործակցության ձեւաչափերին վերաբերող հարցեր:

Փոխվարչապետը բարձր է գնահատել ԱՄՆ ՄԶԳ-ի հետ համագործակցության առկա մակարդակը`շնորհակալություն հայտնելով ԱՄՆ կառավարությանը` շարունակական օժանդակության համար: Գեւորգյանը նկատել է, որ կազմակերպության ծրագրերը մշտապես ուղղված են այն հիմնախնդիրներին, որոնք ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում են, դրանք իրականացվում են արդյունավետ եւ նպատակային: Քննարկվել է տեղական եւ տարածքային կառավարման ծրագրերում ԱՄՆ ՄԶԳ-ի ուղիղ օժանդակության հնարավորության հարցը: Փոխվարչապետը, մասնավորապես, անդրադարձել է ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությամբ «Քաունթերփարթ ինթերնեշնլ» կազմակերպության «Քաղաքացիական հասարակության եւ տեղական ինքնակառավարման աջակցության ծրագրի» շրջանակում Սյունիքում իրականացվող «Համատեղ ուժերով զարգացնենք համայնքը» ծրագրին` նշելով, որ դրա շրջանակում ձեւավորված միջհամայնքային համագործակցության արդյունավետ մոդելը հետագայում լայն տարածում կստանա հանրապետության ողջ տարածքում:

Չիմա Ջեթինդերը պատրաստակամություն է հայտնել աջակցել ՀՀ կառավարությանը` օժանդակելով գերակա համարվող ծրագրերի իրականացմանը: Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ ԱՄՆ ՄԶԳ-ի նոր ռազմավարության մշակման գործընթացներում ՏԿ նախարարության ներգրավվածության ապահովման հարցին:

Հայերեն Русский