ԱՄՆ-ն շարունակելու է Հայաստանի հետ գործակցությունը` տարածաշրջանում կայունության հաստատման համար
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀարտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հունվարի 27-ին ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական եւ եվրասիական հարցերով փոխտեղակալ Էրիկ Ռուբինին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից, ողջունելով հյուրին` Հայաստանի արտգործնախարարը գոհունակություն է հայտնել հայ-ամերիկյան բարեկամական գործընկերության սերտացման կապակցությամբ՝ ընդգծելով, որ վերջին տարիներին երկկողմ հարաբերությունների զարգացման գործընթացում արձանագրված առաջընթացը լայն հնարավորություններ է ստեղծում փոխգործակցության առավել ամրապնդման ու ընդլայնման համար:
Էրիկ Ռուբինն իր հերթին նշեց, որ Միացյալ Նահանգները բարձր են գնահատում Հայաստանի հետ գործընկերային հարաբերությունները եւ շահագրգռված են դրանց հետագա խորացմամբ ու նպատակադրված են գործուն քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ: ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը նշեց նաեւ, որ Միացյալ Նահանգները շարունակելու են գործակցությունը Հայաստանի հետ տարածաշրջանում կայունության հաստատման, տնտեսական զարգացման խթանման, բարեփոխումների իրականացման ասպարեզներում:
Էդվարդ Նալբանդյանն ու Էրիկ Ռուբինը հանգամանալից քննարկում են ծավալել երկկողմ համագործակցության առնչվող հարցերի, տարածաշրջանային խնդիրների շուրջ:Զրուցակիցներն անդրադարձել են ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերջին զարգացումներին: