2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչների վարույթում 2011 թ-ի ընթացքում քննվել է 193 քրեական գործ, որոնցից 69-ը ուղարկվել է դատարան: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ հատուկ քննչական ծառայությունից, կասեցվել է` 4-ը, կարճվել` 41-ը:
Ավարտված գործերով հանցանքի կատարմանը նպաստող հանգամանքները վերացնելու ուղղությամբ միջոցառումներ ձեռնարկելու համար ներկայացվել է 14 միջնորդագիր:
Վարույթում քննված 193 քրեական գործից 58-ը եղել են կոռուպցիոն բնույթի,որոնցից` 33 -ը պաշտոնատար անձանց նկատմամբ: Գործերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան: Հատուկ քննչական ծառայությունը համոզված է, որ կոռուպցիայի հաղթահարումը հանդիսանում է տնտեսական եւ սոցիալական զարգացման կարեւոր գրավական, այն պահանջում է իրավապահ մարմինների համատեղ եւ ներդաշնակ աշխատանք:
Հատուկ քննչական ծառայության աշխատանքներում կան ինչպես օբյեկտիվ, այնպես էլ սուբյեկտիվ բնույթի որոշակի թերություններ ու չլուծված խնդիրներ: Առանձին դեպքերում լինում են քրեական գործերով նախաքննության ձգձգումներ կամ հանցագործություն ծնող պատճառների ոչ լիարժեք բացահայտում:
Հատուկ քննչական ծառայութունը կարեւորում եւ իր առջև խնդիր է դնում ամենօրյա ուշադրության արժանացնել նախաքննության արդյունավետությունը բարձրացնելուն ուղղված աշխատանքները, մասնավորապես` բարձրացնել քրեական գործերի քննության որակը, պարզել արարքի որակման համար կարեւոր նշանակություն ունեցող բոլոր հանգամանքները, բացառել օրենքի խախտմամբ ապացույցների ձեռքբերումը, կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման եւ նախականխման գործում ձեռնարկել կոնկրետ գործնական միջոցառումներ քննչական ու օպերատիվ հետախուզական մարմինների ջանքերը միավորելու համար, հետեւողականություն դրսևորել,որպեսզի թմրամիջոցների ապօրինի շրջանառության վերաբերյալ քրեական գործերի նախաքննության ընթացքում ձեռնարկվեն բոլոր հնարավոր քննչական եւ օպերատիվ հետախուզական միջոցառումները թմրամիջոցներ իրացնող անձանց շրջանակն ամբողջությամբ բացահայտելու, ինչպես նաեւ ձեռքբերման աղբյուրները պարզելու ուղղությամբ: