Թումանյանի թբիլիսյան տան սեփականատիրոջ հետ հայկական պատվիրակությունը պայմանավորվածություն է ձեռք բերել
2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱն, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թբիլիսի մեկնած հայկական պատվիրակությունն արդեն հանդիպել է Թումանյանի թիֆլիսյան տան սեփականատեր Արչիլ Լեժավայի հետ: Ինչպես Թբիլիսիիցհաղորդում է«Արմենպրես»-ի թղթակիցը, Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը նշել է, որ բանակցությունների ընթացքում վերջ է դրվել բոլոր այն հայտարարություններին, հակասական լուրերին, որոնք տարածվել էին լրատվական միջոցներով:
Իրականությանը չեն համապատասխանում լուրերն այն մասին, որ Լեժավան գործարար է: Վերջինս երիտասարդ իրավաբան է, ով կրթություն է ստացել Ամերիկայի Միացյալ Նահանգներում: 2002 թվականին նա ձեռք է բերել այս բնակարանը, որն այդ ընթացքում եղել է Հովհ. Թումանյանի անվան գրադարան: Հինգ տարի շարունակ նա անհատույց թույլ է տվել այդ բնակարանը որպես գրադարան շահագործել, մինչեւ 2007 թվականը վճարել է բոլոր հարկերը, սակայն հետագայում գրադարանը տեղափոխվել է:
Այժմ երիտասարդ իրավաբանը ցանկանում է ամուսնանալ, որոշել է նորոգել բնակարանը եւ ապրել այնտեղ: Իրականությանը չեն համապատասխանում նաեւ այն լուրերը, թե տարածքը դառնալու է թուրք բանվորների հանրակացարան:«Ես գիտեմ, թե ով է Թումանյանը. նա հանճար է հայ ժողովրդի համար»,-ասել է Լեժավան:
Երկխոսության ժամանակ Լեժավան առաջարկել է տալ իրեն նույն չափերով` 120 քմ բնակտարածքով, մի բնակարան նույն փողոցում կամ նույն թաղամասում: Նա սկսել էր բնակարանի նորոգման աշխատանքները, սակայն հայկական պատվիրակության խնդրանքով դադարեցրել է դրանք:
Տրվել է մեկ ամիս նախնական ժամկետ, եւ եթե այդ ընթացքում որեւէ որոշում չլինի, նա կվերսկսի աշխատանքները: Պատվիրակության հանդիպման ժամանակ ներկա է եղել Վրաստանի գրողների միության վարչության քարտուղար, անվանի նովելիստ, հայ ժողովրդի բարեկամ Ռեվազ Միշվելաձեն: