ԵՄ-ն եւ ԵԱՀԿ-ն կաջակցեն Հայաստանում ժողովրդավարական ընտրությունների անցկացմանը
3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Եվրոպական միությունը և Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունը (ԵԱՀԿ) կաջակցեն Հայաստանում 2012 և 2013թթ. կայանալիք ժողովրդավարական ընտրությունների անցկացմանը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանում Եվրամիության պատվիրակության մամուլի եւ տեղեկատվության բաժնից, ԵՄ և ԵԱՀԿ համաձայնության են եկել համատեղ ծրագրի իրականացման շուրջ, որի արժեքը կկազմի 1.7 միլիոն եվրո: Ֆինանսավորումը կկատարվի Եվրամիության, իսկ իրականացումը` ԵԱՀԿ-ի Երևանյան գրասենյակի կողմից: Հայաստանում Եվրամիության պատվիրակության գրասենյակում տեղի կունենա մամուլի ասուլիս, որի ժամանակ ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան և ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Կարել Հոֆստրան կմանրամասնեն համատեղ ծրագիրը:
«Միջազգային այս երկու կառույցների նման նախաձեռնությունը վերահաստատում է վերջիններիս ցանկությունը` օգնել Հայաստանին անցկացնելու միջազգային չափանիշներին համապատասխան ընտրություններ: Որպես հայաստանյան ընտրություններին վերաբերող առաջին համատեղ ծրագիր` այն նպատակ ունի օժանդակելու ընտրություններում ներգրավված շահագրգիռ բոլոր կողմերին: Ծրագիրը նախատեսում է հետևյալ նպատակների իրականացումը`քաղաքացիական հասարակության հմտությունների ամրապնդում` արհեստավարժ կերպով տեղական դիտորդական գործունեության իրականացման և ընտրական գործընթացների` ներառյալ ընտրարշավների, քվեարկության և բողոքարկումների ընթացակարգերի մասին զեկույցների պատրաստման համար:
Ենթադրվում էերկրում մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդում և սատարում` Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) գրասենյակի ուժեղացման և աշխարհագրական տեղակայության ընդլայնման միջոցով` 2012 և 2013թթ. խորհրդարանական և նախագահական ընտրություններից առաջ, ընթացքում և հետո: Տարածքային գրասենյակների հիմնումը թույլ կտա ՄԻՊ գրասենյակին ավելի հասանելի դառնալ մարզերի ազգաբնակչության համար, ինչպես նաև կնպաստի Հայաստանի Հանրապետությունում մարդու իրավունքների պաշտպանության բարելավմանը:
Նախատեսվում ենընտրական հանձնաժողովների տեխնիկական և մասնագիտական ունակությունների հզորացում բոլոր մակարդակներում, որը թույլ կտա իրականացնել ընտրական գործընթացների արդյունավետ և հաշվետու վարչարարություն,
ոստիկանության տեխնիկական և մասնագիտական ունակությունների բարելավում, որոնք անհրաժեշտ են տվյալների համապատասխան այլ շտեմարանների հետ ինտեգրված քվեարկողների ճշգրիտ և հասանելի ցուցակների տրամադրման համար
հանցագործությունների մասին ստացված հաղորդագրությունների արագ արձագանքման, հասարակական կարգի պահպանության, ինչպես նաև ընտրություններին նախորդող բռնությունների քննության գործերում ներգրավված ոստիկանների տեխնիկական ունակությունների, գիտելիքների և հմտությունների բարելավում:
Ծրագրված է նաեւ ընտրական իրավունքների և ընթացակարգերի մասին հասարակության իրազեկման բարձրացում, մասնավորապես մարզերում: