Քաղաքականություն

Սերժ Սարգսյանը հանդիպել է Ջիորջիո Նապոլիտանոյին

3 րոպեի ընթերցում

Սերժ Սարգսյանը հանդիպել է Ջիորջիո Նապոլիտանոյին

ՀՌՈՄ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատանքային այցով Իտալիայի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Իտալիայի նախագահ Ջորջիո Նապոլիտանոյի հետ: Այդ մասին«Արմենպրես»-ին հաղորդում են ՀՀ Նախագահի մամլո գրասենյակից:Հանրապետության ղեկավարը նշել է, որ մինչ այժմ մեծ սիրով է հիշում Իտալիայի միավորման 150-ամյակի առթիվ իր այցը բարեկամ Իտալիա և մասնակցությունը տոնական միջոցառումներին:Սերժ Սարգսյանը կարևոր է համարել, որ հայ գրատպության 500-ամյակի մեկնարկը՝ Վենետիկի ցուցահանդեսը, անցկացվում է Նախագահ Նապոլիտանոյի բարձր հովանու ներքո: Այս կապակցությամբ Իտալիայի նախագահն ասել է, որ Վենետիկը հայերի համար մեծ դերակատարություն է ունեցել՝ հատկապես կրթության, մշակույթի զարգացման առումով կարևոր հենման կետ դառնալով: Ըստ Իտալիայի նախագահի, երկու ժողովուրդների մերձեցման համար խոչընդոտներ գոյություն չունեն: Հանդիպման ժամանակ երկուստեք համոզվածություն է հայտնվել, որ Հայաստանի նախագահի աշխատանքային այցը լավ հնարավորություն է բարձր մակարդակով քննարկելու հայ-իտալական հարաբերությունները, ուրվագծելու համագործակցության նոր և հեռանկարային ոլորտներ: Հայաստանի և Իտալիայի նախագահներն այդպիսի ոլորտներ են համարել էներգետիկան, մասնավորապես՝ այլընտրանքային, նաև ատոմային էներգետիկան: Նախագահ Սերժ Սարգսյանը իտալական ընկերություններին ևս հրավիրել է մասնակցելու Հայաստանում իրականացվող ծրագրերին, այդ թվում նոր ԱԷԿ-ի կառուցմանը՝ նկատի առնելով այս բնագավառում Իտալիայի փորձը:

Երկու երկրների ղեկավարները տնտեսական հարաբերությունների զարգացման տեսանկյունից կարևորել են գործարարների հաճախակի շփումներն ու գործարար համաժողովների անցկացումը, որի շուրջ Հայաստանի և Իտալիայի արտգործնախարարներն այսօր առավոտյան ունեցած հանդիպման ժամանակ արդեն պայմանավորվածություն են ձեռք բերել: Նախագահ Նապոլիտանոն հույս է հայտնել, որ Նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը Իտալիայի գործարար աշխարհի ներկայացուցիչների հետ լրացուցիչ խթան կհանդիսանա Հայաստանի տնտեսության մեջ իտալական ներդրումների ներգրավման, երկու երկրների միջև տնտեսական փոխգործակցության զարգացման համար:Սերժ Սարգսյանը և Ջորջիո Նապոլիտանոն անդրադարձել են նաև Հայաստան-Եվրամիություն համագործակցությանը, տարածաշրջանային խնդիրներին, այդ թվում՝ ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին:

16:59

Կայացել է Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի և Իտալիայի Նախագահ Ջիորջիո Նապոլիտանոյի հանդիպումը: Այդ մասին «Արմենպրես»-ին հաղորդում են Իտալիայի Հանրապետության նախագահի մամլո գրասենյակից: Հանդիպումը տեղի է ունեցել Իտալիայի նախագահի նստավայրում` Քուիրինալե պալատում: Հանդիպմանը մասնակցել են երկու երկրների արտաքին գործերի նախարարները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում