Հասարակական

ՀՀ Նախագահը ֆրանսահայերին է կոչ է անում վերադառնալ հայրենիք

2 րոպեի ընթերցում

ՀՀ Նախագահը ֆրանսահայերին է կոչ է անում վերադառնալ հայրենիք

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Մարսել կատարած այցի շրջանակներում հյուրընկալվել է Մարսելի քաղաքապետարանում, որտեղ նաեւ հանդիպում է ունեցել Մարսելի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Nouvelles d’Armenie»-ն, Հայաստանի Նախագահին ողջունել է Մարսելի քաղաքապետ Ժան-Կլոդ Գոդենը եւ նշել, որ իրենց քաղաքը մեծ կապեր ունի Երեւանի հետ, ինչին նաեւ իրենց նպաստն են բերել Մարսելում բնակվող մեծաթիվ հայեր:

Անդրադառնալով Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն նախատեսող օրինագծին` Մարսելի քաղաքապետը նշել է, որ հասել է ժամանակը այդ օրենքն ընդունել եւ որ այս տարվա մայիսի 4-ին ֆրանսիացի սենատորները սխալ որոշում են կայացրել` այդ օրինագծին հավանություն չտալով: Հավաքվածների ծափերի ներքո` Ժան-Կլոդ Գոդենը Հայաստանի Նախագահին է հանձնել Մարսելի հուշամեդալը:

Սերժ Սարգսյանը, ողջունելով ներկաներին, նշել է, որ ուրախ է Մարսելում գտնվելու համար. «սա մի քաղաք է, որտեղ հայերն իրենց որոշ չափով տանն են զգում»:

Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի կողմից Հայաստանին ցուցաբերվող մշտական աջակցությունը վկայակոչելով` ՀՀ Նախագահը նշել է, որ այս տարի Ֆրանսիայի նախագահն այցելել է Հայաստան եւ շատ կարեւոր հայտարարություններ արել Հայոց ցեղասպանության ճանաչման մասին:

Դիմելով հայ համայնքի ներկայացուցիչներին` ՀՀ Նախագահը նշել է, որ Ֆրանսիայի հայ համայնքը շատ դինամիկ եւ նախաձեռնող է: «Վերադարձեք Հայաստան, այնտեղ դուք ձեր տանն եք: Ինձ համար դժվար է արտասանել «սփյուռքահայ» բառը: Ինձ համար չկան սփյուռքի հայեր եւ Հայաստանի հայեր, կան ուղղակի հայեր»,- ասել է Սերժ Սարգսյանը:

Հայաստանի Նախագահն անդրադարձել է նաեւ Հայոց ցեղասպանության խնդրին` նշելով, որ Թուրքիան պետք է վերանայի իր պատմությունը եւ ճանաչի Հայոց ցեղասպանությունը: «Հայկական կողմի դիրքորոշումն այս հարցում մնում է անփոփոխ»,- հավելել է ՀՀ Նախագահը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում