1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինին' Ռուսաստանի Դաշնության Պետդումայի ընտրություններում «Եդինայա Ռոսիա» կուսակցության տարած հաղթանակի կապակցությամբ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, նամակում ասվում է. «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ' Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի 2011 թվականի դեկտեմբերի 4-ի ընտրություններում Ձեր գլխավորած կուսակցության' «Եդինայա Ռոսիա»-ի հաղթանակի կապակցությամբ:
Իր գոյության տարիների ընթացքում «Եդինայա Ռոսիա»-ն ապացուցել է, որ քաղաքական հզոր ներուժով կուսակցություն է, որը կարող է իր հետեւից տանել հասարակության մեծ զանգվածների եւ պատասխանատու լինել պետության ապագայի համար:
Օգտվելով առիթից' ցանկանում եմ ընդգծել այն հատուկ համագործակցությունը, որ առկա է մեր երկու պետությունների առաջատար քաղաքական ուժերի' «Եդինայա Ռոսիա»-ի եւ Հայաստանի Հանրապետական կուսակցության միջեւ»: