Մարզային

Ճանաչողական այցով Գյումրիում էր Ջոն Հեֆֆերնը

2 րոպեի ընթերցում

Ճանաչողական այցով Գյումրիում  էր Ջոն Հեֆֆերնը

ԳՅՈւՄՐԻ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Ճանաչողական այցով այսօր Գյումրիում էր Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Ջոն Հեֆֆերնը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի` Շիրակի թղթակից, դեսպանը նախ ծաղկեպսակ է դրել երկրաշարժի անմեղ զոհերի հուշակոթողին, ծանոթացել Խաչքարերի պուրակում տեղադրված խաչքարերին, որից հետո մասնակցել Գյումրիի ամերիկյան անկյան նոր սենյակի բացման արարողությանը:

Ամերիկյան անկյունը Գյումրիում գործում է 2005 թվականի հունիսից, սակայն այցելուների մեծ թիվը հաշվի առնելով` աշխատակիցները եւ այցելուները դիմել էին Հայաստանում ԱՄՆ դեսպանատուն` այն մեծացնելու խնդրանքով, ինչն էլ չի մերժվել. այսուհետ ամերիկյան անկյունը կգործի «Նորամուծությունների եւ ձեռներեցության ազգային կենտրոնի Գյումրու մասնաճյուղ»-ի երկու վերանորոգված սենյակներում :

Ի դեպ, հանրապետությունում կան չորս նմանատիպ անկյուններ: Դեսպանությունն այս կենտրոններն ապահովվում է գրականությամբ, ամսագրերով եւ անվճար ինտերնետ կապով: Բացի ուսանողներից եւ աշակերտներից, եթե կան մարդիկ, ովքեր հետաքրքրված են հետազոտություններով եւ ունեն հատուկ մասնագիտական գրականության պահանջ, նույնպես դիմում են անկյան օգնությանը:

«Այս ծրագիրը շարունակական է: Մենք կշարունակենք մեր աջակցությունը Գյումրու կենտրոնին: Սա մի հիանալի վայր է ԱՄՆ-ով հետաքրքրվող մարդկանց համար, նրանց համար, ովքեր ցանկանում են կատարելագործել իրենց անգլերենի իմացությունը: «Խաղաղության կորպուս»-ի կամավորները եւս այստեղ պարբերաբար կազմակերպում են լեզվի հմտության դասընթացներ, դասախոսություններ, զարգացման խմբակներ»,-նշեց ԱՄՆ դեսպանատան` մշակութային հարցերով կցորդ Շոն Օհարան:

«Արմենպրես»-ի թղթակցին ներկայացնելով իր տպավորությունները Գյումրի կատարած այցից՝ դեսպանը նշեց, որ ինքը հաճելիորեն զարմացած է ամերիկյան անկյուն այցելած աշակերտների անգլերենի իմացությամբ: Ամերիկյան անկյուն այցելած դպրոցականները լսեցին անգլերեն հեքիաթներ՝ դեսպանի տիկնոջ՝ տիկին Հերֆֆերնի ընթերցմամբ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում