Ռուսաստանի նոր սպառնալիքները կարող են վտանգի ենթարկել Օբամայի «վերաբեռնման» քաղաքականությունը. Christian Science Monitor Ֆրեդ Ուեյր
5 րոպեի ընթերցում
ՄՈՍԿՎԱ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ-ի նախագահ Դմիտրի Մեդվեդեւն անցյալ շաբաթ նախազգուշացրել Է, որ Ռուսաստանն իր հրթիռներով նշանառության տակ կվերցնի Եվրոպայում հակահրթիռային պաշպանության (ՀՀՊ) ամերիկյան օբյեկտները, կծավալի առաջապահ ռադարները ՆԱՏՕ-ի տարածքից բոլոր արձակումները հսկելու համար եւ կարող Է նույնիսկ դուրս գալ սպառազինությունների կրճատման վերաբերյալ Ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման նոր պայամանագրից, որն ուժի մեջ մտավ այս տարի, եթե Վաշինգտոնը չդիմի Էական քայլերի, որպեսզի վերացնի Եվրոպայի մի շարք պետություններում հակահրթիռային պաշտպանության համակարգի կարեւոր տարրերի ծավալման պլանների կապակցությամբ Ռուսաստանի անհանգստությունը:
Նախագահի պաշտոնը վարելու ողջ ժամանակաշրջանում արտաքին քաղաքականության վերաբերյալ արած իր ամենախիստ հայտարարության մեջ Մեդվեդեւն ասել Է, որ զինվորականներին հրամայել Է անհապաղ միջոցներ ձեռնարկել ռազմավարական հավասարակշռության վերականգնման համար, որպեսզի հակակշիռ ստեղծվի առաջիկա տարիներին այնպիսի երկրներում, ինչպիսիք են Լեհաստանը, Ռումինիան եւ Թուրքիան, արդիական ռադիոտեղորոշիչ կայանների եւ կալանիչ հրթիռների ծավալման ԱՄՆ-ի պլաններին:
Ինչպես գտնում են վերլուծաբանները, Ռուսաստանի կոշտ գիծը կարող Է վիժեցնել Օբամայի «վերաբեռնման» քաղաքականությունը, որը զիջումներ Է նախատեսում Մոսկվայի հետ գործնական համագործակցության կարգավորման նպատակով: Դա տեղի Է ունենում այն պահին, երբ այս քաղաքականությունն ավելի ու ավելի հզոր հարձակումների Է ենթարկվում հանրապետականների կողմից, որոնք պդնում են, թե Օբաման արդեն չափից դուրս շատ բան Է զիջել Կրեմլին՝ փոխարենը չստանալով գրեթե ոչինչ:
Մեդվեդեւի խոսքով՝ եթե Օբաման չստորագրի հստակորեն ձեւակերպված եւ իրավաբանորեն պարտավորեցնող հայտարարություն, որտեղ նշված լինի, որ նատոյական հակահրթիռային համակարգը երբեք չի օգտագործվի Ռուսաստանի դեմ, ինքն ընտրություն չի ունենա եւ ստիպված կլինի իրականացնել ռուսաստանյան հակամիջոցները, այդ թվում՝ «Իսկանդեր» հրթիռային համալիրների տեղակայումը Կալինինգրադի միջատարածքում, որտեղից այդ հրթիռները կարող են ամբողջ Եվրոպայում օպերատիվ կերպով հարվածներ հասցնել ՆԱՏՕ-ի օբյեկտներին:
«Իրադրության անբարենպաստ զարգացման դեպքում Ռուսաստանն իրեն իրավունք Է վերապահում հրաժարվելու զինաթափման եւ, համապատասխանաբար, սպառազինությունների վերահսկողության բնագավառի հետագա քայլերից», ներառյալ Ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման վերաբերյալ պայմանագրից դուրս գալը, հավելել Է նախագահը:
Երկու կողմերի վերլուծաբաններն արդեն վաղուց են ՀՀՊ-ի ամերիկյան պլանների հարցում փակուղային իրադրությունը վճռորոշ հանգամանք համարում սառը պատերազմի ժառանգությունը հաղթահարելու եւ ԱՄՆ-ի ու Ռուսաստանի միջեւ իսկական ռազմավարական գործընկերություն հաստատելու փորձերում: Սակայն վերլուծաբաններին տարակուսանքի մեջ Է գցել այն պարագան, թե ինչու Է Մեդվեդեւը որոշել այս հարցը բարձրացնել հենց այժմ:
Ոմանք ենթադրում են, թե դա նախատեսված Է բացառապես ներքին սպառման համար: Երկրում տեղի են ունենալու Պետական դումայի ընտրությունները, իսկ Մեդվեդեւի գլխավորած «Եդինայա Ռոսիյա» կառավարող կուսակցությունը վերջին ժամանակներս կորցնում Է ընտրողների պաշտպանությունը: Իսկ մյուսները նախազգուշացնում են, որ դա կարող Է դառնալ Մեդվեդեւի քաղաքական նվերն Օբամայի հանրապետական ընդդիմախոսներին, որոնք կարող են օգտվել դրանից եւ լիովին «թաղել» վերաբեռնումը:
«Մեդվեդեւի՝ իր տոնայնությամբ այս չափազանց կտրուկ հայտարարությունը, որում բացակայում են նրբերանգները, եւ որը հնչում Է այնպես, ասես գրված Է, որպեզի իր նկատմամբ գրավի Արեւմուտքի կոշտ գծի կողմնակիցների ուշադրությունը եւ հարուցի բոլոր հնարավոր արձագանքներից ամենակոշտը»,- հայտարարել Է Մոսկվայի Համաշխարհային Էկոնոմիկայի եւ միջազգային հարաբերությունների հեղինակավոր ինստիտուտին կից Միջազգային անվտանգության կենտրոնի ղեկավար Ալեքսեյ Արբատովը: