«Շիրակ ԷՔՍՊՈ 2011»-ին մասնակցեցին նաեւ թուրք գործարարներ
3 րոպեի ընթերցում

ԳՅՈւՄՐԻ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիի «Հոկտեմբեր» կինոթատրոնում նոյեմբերի 24-ին մեկնարկեց ավանդական «Շիրակ ԷՔՍՊՈ» ցուցադրությունը, որն այս տարի «Շիրակի մրցունակության կենտրոն» հիմնադրամը կազմակերպել էր ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ իրականացվող «Աջակցություն Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բարելավմանը» ծրագրի ֆինանսավորմամբ:
Ինչպես «Արմենպրես»-ի' Շիրակի թղթակցին տեղեկացրեց ՇՄԿ-ի տնօրեն Գայանե Ավագյանը, 2005 թվականից մարզում անցկացնում են նմանատիպ ցուցադրություններ' խրախուսելով տեղի արտադրողներին: Անցած տարիների ընթացքում ցուցադրությանը մասնակցում էին ինչպես մարզի, այնպես էլ հարեւան մարզերի գործարարները, իսկ անցած տարի ցուցադրությանը մասնակցեցին նաեւ վրացի գործարարներ:
«Ի տարբերություն անցած տարիների, այս տարի ցուցահանդեսին մասնակցում են նաեւ հայ եւ թուրք գործարարների համաժողովի մասնակից թուրք գործարարները: Այս տարի Գյումրի ժամանած 26 թուրք գործարարների եւս հնարավորություն էր տրված ներկայացնելու իրենց ընկերությունները եւ ծանոթանալու մեր ներուժին՝ փորձելով գտնել համագործակցության հնարավորություն Հայաստանում: Այս պահին կանխատեսել, թե ինչպիսի համագործակություն է հնարավոր, դեռ վաղ է, բայց ամեն ինչ գնում է նրան, որ համագործակցությունը ստացվի եւ հուսով ենք, որ կկնքվեն փոխշահավետ գործարքներ: Ի դեպ, վերջիններս արդեն հետաքրքրված են տեքստիլ, շինանյութի արտադրության, սննդարդյունաբերության ոլորտներով: Ամեն դեպքում, երկուստեք հետաքրքրությունը մեծ է»,- նշեց Գ. Ավագյանը:
Ցուցադրությանը նաեւ ներկա էին Լոռու եւ Տավուշի մարզերի ներկայացուցիչներ: Տարբեր տաղավարներում ներկայացված էին սննդամթերքի, տեքստիլ, ՏՏ, կոշիկի շինանյութի արտադրությամբ զբաղվող ընկերությունների արտադրանքը, ինչպես նաեւ բանկային եւ վարկային ընկերությունների ծառայությունները:
Շիրակի մարզպետի անունից մարզի որոշ գործարարներ պարգեւատրվեցին պատվոգրերով:
Դիարբեքիրի Առեւտրաարդյունաբերական պալատի նախագահ Դիյադին Գեզերը, շնորհակալություն հայտնեց ընդունելության համար եւ նշեց, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ սահմանները դեռ փակ են, ինչը շատ ցավալի է:
«Մենք արդեն չորս օր է, ինչ այստեղ ենք եւ տեսնում ենք, որ շատ ընդհանուր բան ունենք: Այս բոլոր դժվարություններով հանդեպ, մենք ուրախ ենք, որ այս պահին այստեղ ենք: Հույս ունենք, որ այս ցուցադրությունները կնպաստեն, որ առաջիկայում սահմանները բացվեն, եւ մեր կապերը վերականգնվեն: Առաջիկայում մենք ծրագրել ենք նմանատիպ ցուցադրություն մեր երկրրւմ եւ, անշուշտ, մենք էլ կհրավիրենք հայ գործարարներին»,- նշեց Առեւտրաարդյունաբերական պալատի նախագահը: