2 րոպեի ընթերցում
ԳՅՈՒՄՐԻ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի խորհրդի եւ Եվրոպայի Միության համգործակցության գրասենյակի նախաձեռնությամբ' Ստրասբուրգում նոյեմբերի 14-16-ին կկայանա «Երիտասարդական աշխատանքի եւ ոչ ֆորմալ կրթության ճանաչման»-ը նվիրված սիմպոզիում: Վերջինիս կմասնակցեն հասարակական եւ պետական ոլորտների ավելի քան 50 ներկայացուցիչներ, ովքեր կներկայացնեն իրենց երկրների երիտասարդական կազմակերպությունների փորձը: Հայաստանից, որպես պետական կառավարման ոլորտի ներկայացուցիչ, մասնակցության հրավեր ստացել է Շիրակի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության մշակույթի բաժնի գլխավոր մասնագետ Գոռ Մարգարյանը: Նա կներկայացնի Հայաստանում երիտասարդությանն ու ոչ ֆորմալ կրթությանն ուղղված ինչպես հասարակական, այնպես էլ պետական կառավարման ոլորտում իրականցվող աշխատանքերը:
Ինչպես «Արմենպրես»-ի' Գյումրիի թղթակցին տեղեկացրեց Գոռ Մարգարյանը, ցավոք, Շիրակի մարզում երկտասարդական հասարակական կազմակերպություններն այնքան էլ ակտիվ չեն:
«Ես ավելի ակտիվ եմ ուզում տեսնել երիտասարդական կազմակերպություններին: Այս այցը հնարավորություն կտա երիտասարդական ծրագրերի եւ ոչ ֆորմալ կրթության իրականացման նոր մեթոդների ու տեխնոլոգիաների մասին իմանալ եւ այդ փորձը կիսել երիտասարդական հարցերով զբաղվող կառույցների հետ, ինչը կակտիվացնի նրանց գործունեությունը»,- նշեց Գ. Մարգարյանը: