2 րոպեի ընթերցում
ՎԱՆԱՁՈՐ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վանաձորի Տարոն թաղամասում այսօր բնակարանամուտ տոնեց ոչ աղետի հետեւանքով անօթեւան մնացած, տնակային ավանում բնակվող 32 ընտանիք:
2009-10 թթ. Վանաձորի համայնքի կողմից իրականացվել էին Տարոն-2 թաղամասի երկու շենքերի՝ ՔՇՀ 7 թիվ 36 եւ 37 անավարտ բնակելիների կառուցման ավարտական աշխատանքները, ինչի համար համայնքի բյուջեից հատկացվել էր 120 մլն դրամ: Բնակարանների ներքին հարդարման աշխատանքները պետք է կատարեին իրենք՝ բնակարանն ստացողները, սակայն այս տարի «Սեր հայրենիքին» եւ «Կյանքի հաց» բարեգործական հասարակական կազմակերպությունները պատրաստակամություն հայտնեցին 60 մլն դրամի չափով այդ աշխատանքները ֆինանսավորելու: «Պագամի» ՍՊԸ-ի շինարարները նախատեսվածից մեկ ամիս շուտ ավարտեցին շինաշխատանքները, եւ այսօր թիվ 36 եւ 37 բնակելիներում 32 ընտանիք բնակարան ստացավ:
Շահագործման հանձնման հանդիսավոր արարողությանը ներկա էին եւ բնակիչներին շնորհավորեցին Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ եպիսկոպոս Չուլջյանը, Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը, վերոնշյալ բհկ-ների ղեկավարներ Սթիվեն Գավրոն («Կյանքի հաց») եւ Ռաֆայել Գրիգորյանը («Սեր հայրենիքին»): Դարբինյանը նշեց, որ կիսակառույցներն ավարտին հասցնելու եւ դրանք բաշխելու այս ծրագիրը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից տրված նախընտրական խոստման արդյունքն է, ըստ որի' ոչ աղետի հետեւանքով բնակարանը կորցրած քաղաքացիների հանդեպ կառավարությունը եւս պարտավորություն ունի եւ կանի հնարավորը՝ նրանց եւս բնակարանով ապահովելու համար: Երկու շքամուտքերի դիմաց կապված խորհրդանշական ժապավենները կտրվելուց հետո Գուգարաց թեմի քահանաները օրհնեցին բոլոր բնակարանները:
Ինչպես «Արմենպրեսի»' Լոռու մարզի թղթակցին հայտնեց Վանաձորի քաղաքապետարանի Համատիրությունների և բնակարանային տնտեսության բաժնի պետ Գրիշա Պառավյանը, քաղաքապետարանը ծրագրում է շարունակել ծրագիրը. «Հուսով եմ, որ շարունակական կլինի. Վանաձորում բավականաչափ կիսակառույցներ կան, կարելի է ավարտին հասցնել դրանք», - ասաց նա: