Reuters. Ռուսաստանը եւ Չինաստանը կպաշտպանեն Իրանի

8 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դիվանագետներն ու վերլուծաբաններն այն կարծիքին են, որ Ռուսաստանի եւ Չինաստանի դիմադրությունը կարող է խանգարել Արեւմուտքին' օգտվելու Ատոմային էներգիայի միջազգային գործակալության նոր զեկույցից Իրանի նկատմամբ պատժամիջոցները խստացնելու համար' կապված նրա վիճահարույց միջուկային ծրագրի հետ:

ՄԱԳԱՏԷ-ի զեկույցը հրապարակվելու է այս շաբաթ: Դրա հայտնվելու հեռանկարը ի հայտ է բերել համաշխարհային տերությունների տարաձայնություններն այն հարցի շուրջ, թե ինչ դիրք պետք է բռնել իրանական միջուկային ծրագրին վերաբերող վաղեմի վեճում, որը, ինչպես զգուշանում է Արեւմուտքը, կարող է նպատակամղված լինել ատոմային ռումբի ստեղծմանը:

Ինչպես սպասվում է, իր զեկույցում ՄԱԳԱՏԷ-ն կներկայացնի մանրամասն հետախուզական տվյալներ, որոնք մատնանշում են իրանական ծրագրի ռազմական ասպեկտները, սակայն ուղղակիորեն չի հայտարարի, որ Իրանը պատրաստվում է միջուկային զենք ստանալ:

Զեկույցի նման բովանդակությունը կարող է լրացուցիչ սաստկացնել լարվածությունը, քանի որ փաստաթուղթը հրապարակվում է բարդ իրավիճակում. չորեքշաբթի օրն Իսրայելը հրթիռի փորձարկում է իրականացրել այն պայմաններում, երբ այդ երկրում վերստին հանրային բանավեճ է բորբոքվել Իրանի' հրեական պետության երդվյալ թշնամու միջուկային օբյեկտներին կանխիչ հարված հասցնելու հնարավորության շուրջ:

Արեւմտյան դիվանագետները պնդում են, որ ՄԱԿ-ի գործակալության տեղեկատվությունը, որը նրանք համարում են Իրանին մերկացնող, թույլ կտա ճնշում գործադրել Իսլամական Հանրապետության վրա եւ ստիպել նրան դադարեցնելու միջուկային բնագավառի իր վտանգավոր աշխատանքները եւ վերջապես արձագանքելու իր ծրագրի նպատակների կապակցությամբ միջազգային հանրակցության մտահոգություններին:

Մոսկվան եւ Պեկինը, ընդհակառակը, զգուշանում են, որ զեկույցն Իրանին անելանելի դրության մեջ կդնի եւ կնվազեցնի հակամարտության դիվանագիտական լուծման հնարավորությունները, ինչը կարող է լայնամասշտաբ մերձավորարեւելյան առճակատման պատճառ դառնալ: «Ռուսներն առանձնապես ակտիվ գործունեություն են ծավալել»,- հայտարարել է արեւմտյան բարձրաստիճան դիվանագետներից մեկը:

Դիվանագետները հաղորդում են, որ ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոն մտադիր չէ հրաժարվել իր պլաններից եւ կազմակերպության անդամներին զեկույցը կներկայացնի գործակալության Կառավարիչների խորհրդի' նոյեմբերի 17-18-ը կայանալիք նիստում, խորհուրդ, որի մեջ մտնում է 30 պետություն: Սակայն արեւմտյան երկրների համար դյուրին չի լինի հասնել այն բանին, որ Ռուսաստանը եւ Չինաստանն աջակցեն խիստ միջոցառումներին: Էլ ավելի քիչ հավանական է, որ նրանք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում կպաշտպանեն Կառավարիչների խորհրդի հակաիրանական նոր բանաձեւը:

«Առանց Ռուսաստանի եւ Չինաստանի համաձայնության Իրանի վերաբերյալ նման բանաձեւը մեռելածին կլինի»,- ասել է հանուն միջազգային խաղաղության Քառնեգիի հիմնադրամի միջուկային ճյուղի գծով փորձագետ Մարկ Հիբսը:

Ռուսաստանը եւ Չինաստանը, որոնք Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի, Գերմանիայի եւ Մեծ Բրիտանիայի հետ համատեղ մտնում են Թեհրանի հետ միջուկային բանակցություններին մասնակցող համաշխարհային տերությունների վեցյակի մեջ, պաշտպանել են 2006 թվականից ի վեր Իրանի նկատմամբ ՄԱԿ-ի սահմանած պատժամիջոցների չորս փաթեթ: Սակայն անցած տարի նրանք քննադատաբար արտահայտվեցին այն միակողմանի քայլերի մասին, որ Իրանի դեմ լրացուցիչ կատարեցին Միացյալ Նահանգներն ու Եվրամիությունը: Մոսկվան, բացի այդ, պարզորոշ հասկանալ տվեց, որ ինքը դեմ է Թեհրանի դեմ Անվտանգության խորհրդի կողմից ցանկացած նոր միջոցների ընդունմանը:

Թե Չինաստանը, թե Ռուսաստանը առեւտրային, եւ ոչ միայն առեւտրային, կապեր ունեն Իրանի հետ, որը աշխարհում նավթի խոշորագույն մատակարարներից մեկն է: Չինաստանն ակտիվորեն իրանական նավթ է ներմուծում, թեպետեւ դադարեցրել է միջոցների ներդրումն Իրանի նավթի եւ գազի ճյուղում:

ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհուրդը որոշումներն ընդունում է ձայների պարզ մեծամասնությամբ, սակայն Չինաստանը եւ Ռուսաստանը կարող են վետո դնել դրանց վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ցանկացած որոշման վրա:

«Նախընտրելի կլիներ ստանալ ՄԱԿ-ի եւս մեկ բանաձեւ: Սակայն ես չեմ կարծում, որ չինացիներն ու ռուսները պատրաստ են դրան»,- հայտարարել է Գերմանիայի միջազգային հարաբերությունների եւ անվտանգության ինստիտուտի ավագ գիտաշխատող Օլիվեր Տրեներտը:

Մինչդեռ Իրանի արտաքին գործերի նախարար Ալի Աքբար Սալեհին հայտարարել է, թե այն ապացույցները, որ ՄԱԳԱՏԷ-ն ծրագրում է ներկայացնել երկրում միջուկային զենքի ենթադրվող մշակման մասին, կեղծիք են: Շաբաթ օրը Թեհրանում կայացած մամուլի ասուլիսում Սալեհին հայտարարել է, որ ՄԱԳԱՏԷ-ն ենթարկվել է ԱՄՆ-ի ճնշմանը:

«Ամերիկացիներն անցյալում արդեն վկայակոչել են նման փաստաթղթեր, օրինակ, նիգերական ուրանի հետ կապված սկանդալի ժամանակ»,- ասել է Իրանի արտգործնախարարը: Այն ժամանակ ներկայացվեցին փաստաթղթեր, որոնք իբր վկայում էին այն մասին, որ Իրաքի բռնապետ Սադամ Հուսեյնը փորձել է ուրանի խտանյութ գնել Նիգերում:

Իր հերթին, ինչպես նախօրյակին հաղորդել է լոնդոնյան «Սանդի թայմս»-ը, Իրանը միջուկային լիցքի ակտիվացման մեխանիզմի փորձարկում է իրականացրել եւ փոխել է իր տրամադրության տակ եղած բալիստիկ հրթիռների կառուցվածքը, որպեսզի դրանք կարողանան միջուկային մարտալիցքեր կրել:

«Իսրայելի ծառայությունները հաղորդում են, թե ստացել են նորագույն տվյալներ, որոնք մատնանշում են, որ Թեհրանի միջուկային ծրագիրը կոչված է ստեղծելու միջուկային զենք»,- գրում է հրատարակությունը:

«Սանդի թայմս»-ն ընդգծում է, որ նոյեմբերի 9-ին հրապարակման պատրաստվող ՄԱԳԱՏԷ-ի նոր զեկույցը, որը նվիրված է Իրանի միջուկային էներգետիկական ծրագրին, «ըստ երեւույթին շրջադարձային կդառնա Թեհրանի նկատմամբ վերաբերմունքի փոփոխման հարցում»: «Զեկույցը կհրապարակվի այն բանից հետո, երբ անցած շաբաթ տեղեկություններ ստացվեցին այն մասին, որ Իսրայելը դիտարկում է Իրանի միջուկային օբյեկտներին հարվածներ հասցնելու հնարավորությունը»,- նշում է պարբերականը:

Ինչպես հաղորդել է Reuters գործակալությունը, Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ալեն Ժյուպեն կիրակի օրը հայտարարել է, որ Թեհրանի միջուկային ծրագրի կապակցությամբ Արեւմուտքի եւ Իրանի միջեւ հակամարտությանը ռազմական միջամտությունը կարող է ամբողջովին ապակայունացնել մերձավորարեւելյան տարածաշրջանը: Ռազմական սցենարի փոխարեն Ֆրանսիան հանդես է գալիս պատժամիջոցները խստացնելու օգտին, հայտարարել է նախարարը Europe 1 ռադիոկայանի եթերում:

«Մենք դեռեւս կարող ենք խստացնել պատժամիջոցները, որպեսզի ճնշում գործադրենք Իրանի վրա եւ մենք մտադիր ենք հետեւել այդ սցենարին, որովհետեւ ռազմական ինտերվենցիան կարող է ամբողջովին ապակայունացնել տարածաշրջանը»,- ասել է Ժյուպեն:

ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի ղեկավարներն անցած շաբաթ հայտարարել են, որ կշարունակեն ճնշում գործադրել Իրանի վրա, որպեսզի նա կատարի իր միջուկային ծրագրին վերաբերող միջազգային պարտավորությունները:

Հեղինակ' Ֆրեդրիկ Դալ

Հայերեն

Ռումինիայում նոր կառավարության ձևավորման գործընթացը փակուղի է մտել

Թրամփը շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում վստահ հաղթանակի առթիվ

Մոսկվայում նշել են, թե որն է ռուս-ամերիկյան հարաբերությունների վերականգնման բանալին

ԱՄՆ-ն նավթատար է խոցել Օմանի ծոցում

ԱՄՆ-ն Կուբային կոչ է արել զերծ մնալ Գուանտանամոյի բազային հարվածելու նպատակով զենք հայթհայթելու փորձերից

Լյուքսեմբուրգը շնորհավորել է Հայաստանին և խորհրդարանական ընտրությունները հաջողված համարել

Երևանը բարձր է գնահատում Լիսաբոնի հետ իր բարեկամությունը. ԱԳՆ-ն շնորհավորել է Պուտուգալիայի Ազգային օրը

Իսրայելի հարձակումների հետևանքով վերջին 24 ժամում 30 մարդ է զոհվել Լիբանանում

Հասանովն ու Վուչիչը քննարկել են Ադրբեջան-Սերբիա ռազմական համագործակցության զարգացման հեռանկարները

Աշխարհահռչակ Անդրեա Բոչելլին ելույթ կունենա ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնության բացման արարողությանը