Երեւանի եւ Փարիզի քաղաքապետերը ստորագրել են բարեկամության եւ համագործակցության համաձայնագիր
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած հանդիպման ավարտին Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը եւ Փարիզի քաղաքապետ Բերտրան Դելանոեն երկու քաղաքների միջեւ բարեկամության եւ համագործակցության համաձայնագիր են ստորագրել։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից,համաձայնագրի ստորագրման հանդիսավոր արարողությունից հետո Փարիզի քաղաքապետ Բերտրան Դելանոյեն իր ելույթում նշել է, որ երեւանյան հանդիպումները կայանում են ընտանեկան մթնոլորտում է, առավել եւս, երբ այդ ընտանիքն առավել մեծացել է Ֆրանկոֆոնիայի 31–րդ համաժողովի մասնակիցների ներկայությամբ։ Անդրադառնալով ստորագրված համաձայնագրին' Փարիզի քաղաքապետը նշել է, որ փաստաթուղթն իր մեջ ներառում է երկու քաղաքների միջեւ համագործակցության հետաքրքիր եզրեր:
«Բարձր հիմքերի վրա դրված մշակութային ոլորտում մեր համագործակցությունից զատ՝ նախատեսում ենք իրականացնել լուրջ տնտեսական ծրագրեր։ Ամենատարբեր ոլորտներում փորձի փոխանակման միջոցով համատեղ կկատարելագործենք քաղաքային տնտեսության կառավարման համակարգը»,– ասել է Բերտրան Դելանոյեն։
Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանն իր ելույթում ընդգծել է, որ ինչպես հայ -ֆրանսիական, այնպես էլ երկու երկրների մայրաքաղաքների միջեւ հարաբերություններն այսօր ամենաբարձր մակարդակի վրա են գտնվում.
«Ստորագրված փաստաթուղթը նոր որակ է հաղորդում մեր համագործակցությանը, եւ ես վստահ եմ , որ այս հանդիպումից հետո մեր բարեկամական կապերն էլ ավելի կամրապնդվեն»,- նշել է Կարեն Կարապետյանը' ավելացնելով, որ գործակցային նման մակարդակը լավ օրինակ կարող է լինել նաեւ Ֆրանկոֆոն այլ քաղաքների հետ հարաբերություններում։
Մեկ անգամ եւս ողջունելով հանդիպմանը ներկա «Ֆրանկոֆոն» քաղաքների միջազգային ասոցիացիայի անդամներին՝ Երեւանի քաղաքապետը համոզմունք է հայտնել , որ երեւանյան վեհաժողովը կանցնի գործնական եւ արդյունավետ մթնոլորտում եւ ֆրանկոֆոն քաղաքների միջեւ գործակցության նոր հեռանկարներ կբացվեն։