Լ. Անանյան. «Եթե քաղաքական գործիչները չեն հետեւում մտավորականներին, ապա ավելի վատ իրենց համար»
2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մտավորականությունը հայ ժողովրդի համար միշտ էլ ունեցել է հոգեւոր եւ քաղաքական առաջնորդի հասարակական միտքը ձեւավորողի դեր եւ նշանակություն, սակայն այսօր նրանք այդ նույն դերակատարումը չեն իրականացնում: Փաստորեն ինչ-որ բան, ինչ-որ տեղ սխալ է: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը' հավելելով, որ հասարակությունն այժմ տարանջատված է, եւ մտավորականները չեն կարողանում ուղղորդել նրանց' կարծիք ձեւավորելու հարցում:
«Իրականում իրավիճակը տագնապալի է, որովհետեւ մտավորականությունն էլ է տարանջատված»,- ասաց Լ. Անանյանը' հավաստիացնելով, որ մտավորականության դերը մեծ եւ վճռորոշ պետք է լինի ոչ միայն ներքաղաքական հարցերում, այլեւ արտաքին քաղաքական կյանքում:»Մեր ազատության իդեալը պետք է նրանց միջոցով դառնա միջազգային ճանաչման հիմք»,- ընդգծեց նա:
Անդրադառնալով այն պնդմանը, որ այսօր քաղաքական գործիչները չեն հետեւում մտավորականների հայացքներին' Լ. Անանյանը պատասխանեց կարճ. «Ավելի վատ իրենց համար»:
Ինչ վերաբերում է թարգմանական գրականության անհրաժեշտությանը' ԳՄ նախագահը նշեց, որ չափազանց կարեւորվում է դրա անհրաժեշտությունը, քանի որ գրականությունը միայն ներքին սպառման համար չէ: Թեեւ ժամանակակից գրականության մեջ հաճախ են արծարծվում քաղաքական թեմաներ, Լ. Անանյանը ժամանակակից գրականությունը քաղաքականացված չի համարում: «Քաղաքականությունը չի հասցրել մտնել գեղարվեստական գրականություն»,- ասաց նա: