Սյունիքում գործազրկության մակարդակը նվազել է
1 րոպեի ընթերցում

ԿԱՊԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Վերջին տարիներին Սյունիքի մարզում շարունակում է նվազել գրանցված գործազուրկների թիվը: Կապանի զբաղվածության մարզային կենտրոնի տվյալներով' այս տարվա անցած 9 ամիսներին գործազրկության մակարդակը 9 տոկոս է' նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 10,1 տոկոսի փոխարեն: Մարզում աշխատանք է փնտրում 6 457 մարդ' 1 176-ով պակաս, քան նախորդ տարվա 9 ամիսներին:
Սյունիքում գործազրկության մակարդակը բարձր է հատկապես Կապանի եւ Գորիսի տարածաշրջաններում: Գործազուրկների ճնշող մասը շարունակում են մնալ միջնակարգ եւ միջնակարգ մասնագիտական կրթությամբ, միջին տարիքի կանայք:
Կենտրոնի փոխտնօրեն Արայիկ Հայրապետյանն «Արմենպրես»-ի Սյունիքի մարզի թղթակցին տեղեկացրեց, որ տարեսկզբից աշխատանքի է տեղավորվել 551 մարդ, նպաստ է ստանում 120 գործազուրկ: Մասնագիտական ուսուցման դասընթացներ են կազմակերպվել աշխատանք փնտրող 31 քաղաքացիների համար, որոնցից 26-ն արդեն տեղավորվել են աշխատանքի: