Մարզային

Տեղ գյուղի թիվ 1 դպրոցը նոր շենք կունենա

2 րոպեի ընթերցում

ԳՈՐԻՍ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գորիսի տարածաշրջանի Տեղ գյուղի թիվ 1 փլված դպրոցի տեղում կկառուցվի նոր տիպի երկհարկանի դպրոց' նախատեսված 250 աշակերտի համար: Կիսավեր դպրոցն արդեն հիմնահատակ քանդվել է, եւ ֆինանսական միջոցների տրամադրումից անմիջապես հետո կսկսվի նոր դպրոցի շինարարությունը: Շենքի ուսումնական մասը նախատեսված է շահագործման հանձնել գալիք ուսումնական տարում, իսկ կցակառույցը եւ լոկալ ջեռուցման ցանցը' հաջորդ ուսումնական տարում:

«Երկու տարի հետո մեր դպրոցը կդառնա 140 տարեկան: Հուսով ենք, որ այն նշելու ենք նոր ու հարմամարվետ դպրոցական շենքում», - «Արմենպրես»-ի' Սյունիքի թղթակցի հետ զրույցում ասաց դպրոցի տնօրեն Սլավիկ Գրիգորյանը: Ներկայում Տեղի թիվ 1 դպրոցի 1-6 դասարանների աշակերտների ուսումնական պրոցեսն իրականացվում է գյուղի հիվանդանոցի լքված շենքում, որը հարմարեցվել է դպրոցական պահանջներին եւ կահավորվել քանդված դպրոցից այստեղ տեղափոխված, չվնասված դպրոցական գույքով: Փլված դպրոցի բարձր դասարանցիների ուսուցումը կազմակերպվում է գյուղի թիվ 2 դպրոցում տրամադրված հարկաբաժիններից մեկում: Տեղի թիվ 1 դպրոցը միջհամայնքային է, այստեղ ուսանում են նաեւ հարեւան Արավուս գյուղի մոտ 2 տասնյակ բարձր դասարանցի երեխաներ: Ներկայումս դպրոցում սովորում է 257 աշակերտ, եւ այդ թիվը, ըստ տնօրենի, առաջիկա տարիներին աճելու միտում ունի: Ծանոթ լինելով կառուցվելիք նոր դպրոցական շենքի նախագծին' Ս.Գրիգորյանն ասաց. «Ունենք 35 հոգանոց դասարաններ, որոնց համար փոքր են լինելու դասասենյակները: Այդ դասարանների համար ստիպված ենք լինելու օգտագործել լաբորատորիայի համար նախատեսված սենյակները, որոնք համեմատաբար մեծ են: Փոքր է նաեւ կառուցվելիք սպորտային դահլիճը»: Տնօրենը պատրաստվում է այս մասին գրավոր դիմել քաղաքաշինության նախարարություն' մի փոքր ավելացնելու տրամադրվելիք միջոցները:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում