1 րոպեի ընթերցում
ԳՈՐԻՍ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կապանից հետո երկրորդ ՄԱԿ-ի անկյունը Սյունիքում բացվեց երեկ Գորիսում: Այն կազմակերպության արդեն 6-րդ անկյունն է Հայաստանում: ՄԱԿ-ի վերաբերյալ հարուստ տեղեկություններ պարունակող այս յուրօրինակ գրադարանը կգործի «Գորիսի կանանց ռեսուրս կենտրոն» ՀԿ-ում: Ըստ կազմակերպության նախագահ Ռուզաննա Տոռոզյանի' նորաբաց անկյունն արդեն իսկ մեծ հետաքրքրություն է ներկայացնում հատկապես երիտասարդների, ՀԿ ներկայացուցիչների համար: «Այստեղ նրանք կարող են մեծածավալ տեղեկատվություն ստանալ ՄԱԿ-ի արժեքների, կազմակերպության կողմից իրականացվող աշխատանքների մասին: Այն նաեւ հիմք կծառայի հասարակության լայն խավերի համար' ՄԱԿ-ի հետ առնչվող մշակութային, կրթական եւ այլ միջոցառումների կազմակերպման գործում», - «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց Ռ.Տոռոզյանը:
Գորիսի ՄԱԿ-ի անկյան բացման արարողությունից հետո, որին մասնակցում էր նաեւ ՄԱԿ-ի հանրային վարչության ներկայացուցիչ Մարիա Դոցենկոն, համայնքի ներկայացուցիչների, մարզային պատասխանատուների եւ երիտասարդ ակտիվիստների մասնակցությամբ անցկացվեց կլոր սեղան, որի ընթացքում քննարկվեցին ՄԱԿ-ին առնչվող հարցեր: