«Կրթությունը, գիտությունն ու տնտեսությունը բուհերում. ինտեգրում միջազգային կրթական տարածքում» միջազգային գիտաժողով` ԵՊՀ-ում
4 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Երեւանի պետական համալսարանում այսօր մեկնարկեց «Կրթությունը, գիտությունն ու տնտեսությունը բուհերում. ինտեգրում միջազգային կրթական տարածքում» թեմայով միջազգային եռօրյա գիտաժողովը, որին հանդես կգան 120 մասնակից' Հայաստանից, Ռուսաստանից, Ղազախստանից, Լեհաստանից, Սլովակիայից ու Կանադայից: Ինչպես գիտաժողովի բացմանը նշեց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, մաթեմատիկայի, ֆիզիկայի ու բուհական մանկավարժությանը վերաբերվող հետաքրքիր զեկույցներին, կլոր սեղաններին, քննարկումներին, կարծիքների փոխանակմանը կարեւորվում է նաեւ դասախոսների ու ուսանողների մասնակցությունը:
Ողջունելով գիտաժողովի մասնակիցներին' վարչապետ Տիգրան Սարգսյանը նշեց, որ կառավարությունը մեր երկրի տնտեսության ապագան տեսնում է մարդկային ներուժի զարգացման ու մրցունակ քաղաքացիական հասարակության կայացման մեջ: Վարչապետի խոսքով' անցած 20 տարիների ընթացքում մեր երկրի համար կրթական ոլորտի զարգացումը եղել է ծրագրային առաջնահերթությունների թվում, եւ ոլորտում իրականացվող բարեփոխումների նպատակը կրթական համակարգի բարելավումն ու զարգացումն է:
Ըստ նրա' պետք է գիտակցել, որ բոլորս միջազգային սոցիալ-մշակութային համակարգի մասն ենք կազմում, եւ կրթական ոլորտում համագործակցությունը ժողովրդավարական պետության խաղաղ ու կայուն զարգացման կարեւոր գործոններից մեկն է:
Հավելելով, որ որակյալ ու մատչելի կրթության ապահովման պատասխանատուն կառավարությունն է, Տիգրան Սարգսյանն ասաց, որ ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցները' պետական ու մասնավոր կրթական հաստատություններին հավասար հնարավորություններ տրամադրելու համար: Նրա խոսքով' կրթական համակարգի զարգացումը պետք է լինի ոչ միայն պետական կառավարման մարմինների, այլեւ քաղաքացիական հասարակության ուշադրության կենտրոնում: «Վստահ ենք, որ մինչ 2020 թվականը մեզ կհաջողվի ստեղծել որակյալ եւ մրցունակ կրթական համակարգ՝ ժամանակակից բոլոր պահանջներին համապատասխան: Սրա հետ մեկտեղ, մենք հույս ունենք դառնալ եվրոպական կրթական համակարգի արժանի գործընկերը: Վստահ եմ, որ այս գիտաժողովը թույլ կտա նորովի դիտարկել կրթական ոլորտի խնդիրները, պահանջներն ու զարգացման հնարավորությունները», - ասաց վարչապետը:
Անդրադառնալով այս տարվա ԵՊՀ գործունեությանը' Արամ Սիմոնյանն ընդգծեց, որ անցկացվել են մոտ 10-ը միջազգային գիտաժողովներ, որոնք հնարավորություն են տալիս վերականգնել եւ ամրապնդել կորցրած գիտական, կրթական հարաբերություններն ԱՊՀ երկրների գործընկերների հետ:
Գիտաժողովի հայաստանյան կողմի կազմակերպական մասի ղեկավար Արա Իսպիրյանի խոսքով' միջազգային այս գիտաժողովն անցկացվում է 3 տարին մեկ անգամ. սա 4-րդն է: Ըստ նրա' գիտնականները միմյանց հետ կքննարկեն տարբեր' «Բուհերում գիտական ուսունասիրություններ մաթեմատիկայի ոլորտում», «Կիրառական մաթեմատիկայի խնդիրները», «Գիտական ուսունասիրություններ ֆիզիկայի ու դասավանդման մեթոդիկայում», «Գիտական ուսումնասիրություններ ինֆորմատիկայի ու կրթության ոլորտում' ինֆորմացիոն տեխնոլոգիաների օգտագործում», «Բարձրագուն կրթության խնդիրները», «Հանրակրթության արդիական խնդիրներն» ու «Մաթեմատիկայի դասավանդման խնդիրները» եւ այլ ոլորտի թեմաներ: Ինչպես նշեց Ա. Իսպիրյանը' գիտաժողովը հնարավորություն կտա հաղորդակից դառնալ գիտական նորություններին, իսկ մասնակիցներին' մասնագիտական թեմաների լուսաբանում, որտեղ ներկայացվում են տեսակետներ ու կատարված աշխատանքներ:
Ընդգծելով այն փաստը, որ գիտաժողովի անցկացումը համընկնում է Հայաստանի անկախության 20-ամյակին, Տ. Սարգսյանն ասաց, որ անկախության ընթացքում ՀՀ կառավարությունը կարեւոր խնդիր է դարձրել կրթության ոլորտի զարգացումը: