3 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած հերթական աշխատանքային խորհրդակցության ընթացքում, որը վարել է Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ Տարոն Մարգարյանը, նշվել է, որ քաղաքային տրանսպորտի տեխնիկական եւ քանակական վիճակին, սպասարկման որակին, ինչպես նաեւ մայրաքաղաք մտնող մերձքաղաքային ավտոտրանսպորտային միջոցները հատկացված վերջնակետային հանգույցներում կանգառելու վերաբերյալ որոշման հսկողության նպատակով' վաղվանից Ճանապարհային ոստիկանության հետ համատեղ անցկացվելու է մոնիթորինգ: Դրան կմասնակցեն Երեւանի քաղաքապետարանի ու վարչական շրջանների աշխատակազմերի բոլոր աշխատակիցները'երթեւեկելով բացառապես հասարակական տրանսպորտով:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, Տարոն Մարգարյանը նշել է, որ առանձին մոնիթորինգներ պետք է անցկացվեն նաեւ քաղաքացիների շրջանում' լսելով նրանց կարծիքներն ու առաջարկությունները, իսկ մոնիթորիգների արդյունքները կամփոփվեն մինչեւ աշխատանքային շաբաթվա ավարտը:
Խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ անցած մեկ շաբաթվա ընթացքում քաղաքամերձ երթուղայիններին հատկացված կանգառագոտիներից դուրս կայանելու համար կազմվել է 7 վարչական արձանագրություն:
Անդրադառնալով մայրաքաղաքի փողոցների գծանշման աշխատանքների ընթացքին' քաղաքապետի առաջին տեղակալը հանձնարարել է կարճ ժամանակահատվածում ապահովել Երեւանի բոլոր դպրոցներին եւ մանկապարտեզներին հարակից փողոցների հետիոտն անցումների գծանշումը:
Տարոն Մարգարյանը հանձնարարել է նաեւ հսկողություն սահմանել ստորգետնյա անցումների եւ քաղաքային շուկաների սանհանգույցների սանիտարահիգիենիկ վիճակի ապահովման ուղղությամբ: Առողջապահության նախարարության հետ համատեղ նախատեսվում է անցկացնել հատուկ ստուգայցեր, եւ միջոցառումներ են ձեռնարկվելու իրավիճակը շտկելու համար: Շեշտվել է, որ տարածքները պետք է գտնվեն վարչական շրջանների համապատասխան վարչությունների ամենօրյա ուշադրության կենտրոնում:
Խորհրդակցության ժամանակ Տարոն Մարգարյանն անդրադարձել է մայրաքաղաքում ընթացող շինարարական եւ բարեկարգման աշխատանքներին' նշելով, որ որոշ տեղերում կան թերացումներ' աշխատանքները սահմանված ժամկետում իրականացնելու հետ կապված, եւ հանձնարարել է խստապահանջ լինել Երեւանի քաղաքապետարանի հայտարարած մրցույթներում հաղթած բոլոր այն ընկերությունների հանդեպ, որոնք թերացել են իրենց աշխատանքում:
Տարոն Մարգարյանն անդրադարձել է նաեւ թափառող շների հարցին եւ հանձնարարել' «Յունիգրաֆ Իքս» ընկերության հետ համատեղ միջոցառումներ ձեռնարկել խնդիրը լուծելու ուղղությամբ:
Զեկուցվել է նաեւ, որ շարունակվում են ձմռան նախապատրաստական աշխատանքները: Փոխքաղաքապետը հատուկ ուշադրություն է հրավիրել բազմաբնակարան շենքերի վիճակին եւ առաջարկել վարչական շրջանների աշխատակազմերին համատիրությունների հետ համատեղ կատարել գույքագրում եւ տալ առկա վիճակի մոտավոր գնահատական: