Կովկասի մի շարք բույսեր ու կենդանիներ ոչնչացման եզրին են

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ամերիկյան համալսարանում այսօր աշխատանքները սկսեց «Կովկասյան ֆաունայի կենսաբազմազանությունը եւ նրա պահպանության խնդիրները» թեմայով միջազգային գիտաժողովը: Ինչպես բացման խոսքում նշեց ԳԱԱ բնագիտության բաժնի ակադեմիկոս-քարտուղար Վիգեն Հակոբյանը, սա ողջունելի նախաձեռնություն է, քանի որ վերջին 20 տարիների ընթացքում նման թեմայով գիտաժողով չի եղել:

«Արմենպրես»-ի հետ զրույցում գիտաժողովի կազմակերպիչ Կարեն Աղաբաբյանը նշեց, որ Կովկասը համարվում է կենսաբազմազանության 6 գլոբալ եւ թեժ կետերից մեկը:Դա նշանակում է, որ Կովկասում կան բազմաթիվ բույսեր եւ կենդանիներ, որոնք չկան Երկրագնդի մյուս հատվածներում:

Նրա խոսքով' ժամանակակից պայմաններում, տնտեսության աճին զուգահեռ, անհրաժեշտ են հետազոտություններ, որոնք ցույց կտան' ինչ եղանակով է հնարավոր միաժամանակ համատեղել տնտեսության աճն ու կենսաբազմազանության պահպանումը:

Գիտաժողովին մասնակցելու համար բազմաթիվ հետազոտողներ են եկել Թուրքիայից, Իրանից, Բուլղարիայից, Վրաստանից, Լեհաստանից:

«Գիտաժողովի ընթացքում սպասվում են քննարկումներ, հետազոտողների առաջարկություններ, թե ինչ պայմաններում հնարավոր կլինի կենսաբազմազանության պահպանումը»,-ասաց Կարեն Աղաբաբյանը' հավելելով, որ բույսերից շատերը կամ ոչնչացման եզրին են, կամ հազվագյուտ են: Միայն Հայաստանի «Կարմիր գրքում» գրանցված են մոտ 100 թռչուն, 100-ից ավելի միջատ, 60-ից ավելի կաթնասուն, որոնք ոչնչացման եզրին են: Նա հույս հայտնեց, որ գիտաժողովի արդյունքում կկարողանան փրկել մի շարք բույսեր ու կենդանիներ:

Գիտաժողովի քննարկումները կլինեն սեպտեմբերի 26-28-ը, իսկ 29-ին սպասվում է արշավ' Հայաստանի տարածքով:

Հայերեն