Հասարակական

Մ. Դոցենկո. «Հայ ժողովուրդը քաջ գիտակցում է խաղաղության արժեքը»

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում այսօր տեղի ունեցավ Խաղաղության միջազգային օրվան նվիրված միջոցառում, որը կազմակերպել են ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչությունը, ՀՀ արտաքին գործերի նախարարությունը եւ Գյումրիի «Կանայք հանուն զարգացման» հասարակական կազմակերպությունը: Ողջունելով ներկաներին' ՄԱԿ ՀՏՎ ներկայացուցիչ Մարիա Դոցենկոն նշեց, որ հայ ժողովուրդը քաջ գիտակցում է խաղաղության արժեքը: Նա նաեւ խորհրդանշական համարեց, որ Հայաստանի Հանրապետության անկախության հանրաքվեի օրը' սեպտեմբերի 21-ը, համընկնում է Խաղաղության միջազգային օրվան: Դոցենկոն հույս հայտնեց, որ աշխարհի բոլոր հակամարտությունները կլուծվեն խաղաղ բանակցությունների եւ ոչ ուժային ճանապարհով:

Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Հանս-Յոհան Շմիդթը նշեց, որ հաճելիորեն զարմացած է երկու տոների համընկնումից: Նա տեղեկացրեց, որ ՄԱԿ-ը հաճախակի է կազմակերպում սեմինարներ մի շարք հակամարտող երկրներում: Դեսպանը համոզմունք հայտնեց, որ Հայաստանում կան լավ ուսուցիչներ, ովքեր կարեւոր են համարում «Խաղաղության եւ կոնֆլիկտների խաղաղ լուծման» դասավանդումը:

«Մենք, ինչպես ոչ ոք, հասկանում ենք խաղաղության արժեքը, քանի որ այն ձեռք ենք բերել արյան գնով»,-ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարության Միջազգային կազմակերպությունների վարչության պետ Վահրամ Կաժոյանը' նկատելով, որ մենք երբեք նախահարձակ չենք եղել, միշտ պաշտպանվել ենք:

«Կանայք հանուն զարգացման» ՀԿ-ի նախագահ Գոհար Մարկոսյանն էլ նշեց, որ «Խաղաղության եւ կոնֆլիկտների խաղաղ լուծման կրթությունը դպրոցներում» ծրագրի հիմնական նպատակը ուսուցիչների եւ դպրոցականների մեջ խաղաղության մշակույթի եւ գաղափարների ձեւավորումն է: «Ծրագրի իրականացման ընթացքում մենք կարողացանք հիմնել «Խաղաղության ուսուցման» կենտրոններ Շիրակի մարզի 16 դպրոցներում եւ Գյումրիի պետական մանկավարժական համալսարանում. ավելի քան 1000 դպրոցականներ եւ 150 ուսանողներ են վերապատրաստվել Խաղաղության ուսուցման ծրագրով»,-ասաց նա:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում