Հասարակական

ՀՀ անկախության 20-ամյակին նվիրված միջոցառումներ` եվրոպական մի շարք երկրներում

2 րոպեի ընթերցում

ՀՀ անկախության 20-ամյակին նվիրված միջոցառումներ` եվրոպական մի շարք երկրներում

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առաջիկա օրերին ՀՀ անկախության 20-ամյակին նվիրված միջոցառումներ կանցկացվեն եվրոպական մի շարք երկրներում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Եվրոպայի Հայ դատի հանձնախմբից, տոնական միջոցառումներ են կազմակերպվելու Ֆրանսիայում, Գերմանիայում, Բելգիայում, Նիդերլանդներում, Հունաստանում եւ այլուր:

Նիդերլանդներում տոնական միջոցառումներն անցկացվելու են այդ երկրում Հայաստանի դեսպանատան հովանու ներքո: Նախ մայրաքաղաք Ամստերդամում ելույթ կունենա Հայաստանի երիտասարդական նվագախումբը' դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ: Իսկ սեպտեմբերի 24-ին հայկական համայնքը հավաքվելու է Հոլանդիայի Հայ տանը, որտեղ կհնչեն տոնական եւ ազգագրական երգեր, իսկ հյուրերը հնարավորություն կունենան համտեսել ավանդական խորոված: Նույն նվագախումբը համերգ կտա նաեւ Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում, որտեղ տոնական միջոցառումները հովանավորում են Բելգիայի Թագավորությունում ՀՀ դեսպանատունը, ԵՄ-ում եւ ՆԱՏՕ-ում ՀՀ ներկայացուցչությունները:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 25-ին Փարիզում համերգով հանդես կգա երգչուհի Նունե Եսայանը, որի համերգը եւս կնվիրվի ՀՀ անկախության 20-ամյակին:

Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում ՀՀ եւ ԼՂՀ անկախության նվիրված միջոցառումներ կանցկացվեն սեպտեմբերի 22-ին:

Հունաստանում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ եւ այդ երկրում ՀՅԴ եւ ՌԱԿ կառույցների հետ համագործակցությամբ սեպտեմբերի 25-ին տեղի կունենա տոնական երեկո, որի ընթացքում համերգային ելույթով հանդես կգա երգիչ Արսեն Գրիգորյանը: Երեկոյին իրենց մասնակցությունը կբերեն նաեւ «Նաիրի» եւ «Նանոր» պարային խմբերը: Ողջունի խոսքով հանդես կգա Հունաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Գագիկ Ղալաչյանը:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում