Փաստ մեկնաբանությամբ

Հայաստանում ինքնասպանությունների թվի աճ է գրանցվում

3 րոպեի ընթերցում

Հայաստանում ինքնասպանությունների  թվի աճ է գրանցվում

ԵՐԵւԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ոստիկանության տեղեկատվական կենտրոնի տրամադրած տվյալների համաձայն' 2011թ. հունվար-հունիս ամիսներին Հայաստանում արձանագրվել է ինքնասպանության փորձերի եւ ինքնասպանությունների 338 դեպք: Եթե համեմատենք 2010թ. նույն ժամանակահատվածի հետ, ապա նկատվում է 6.6% աճ: 2010թ. ամբողջ տարվա կտրվածքով' Հայաստանում գրանցվել է ինքնասպանությունների եւ դրանց փորձերի 592 դեպք' 57.3% գործազուրկներ, 17.7%՝ թոշակառուներ: Ինքնասպանությունների մեծ մասը կատարվում է հասարակական վայրերում, որոնք նպատակ ունեն գրավելու ԶԼՄ-ների ուշադրությունը: Որոշ դեպքերում էլ մարդն իր կյանքին վերջ է տալիս իր տանը' պարանի, դեղահաբերի միջոցով կամ պարզապես պատուհանից ցած նետվելով:

2011թ. արձանագրված ինքնասպանության փորձեր կատարած եւ ինքնասպանություն գործած խմբի մեջ մտնում են գործազուրկները, ուսանողները, թոշակառուները:

Ըստ հոգեբան Անահիտ Բադալյանի' ինքնասպանությունները երկու բնույթի են լինում' միտումնավոր եւ ցուցադրական: Ինքնասպանության փորձ կատարածներից շատերը որոշ ժամանակ անց ծիծաղում են իրենց արարքի վրա, մյուսները նորից ինքնասպանության փորձ են կատարում, իսկ մնացածի փորձն ավարտվում է մահով:

«Մարդկանցից շատերը իրենց կյանքի մի փուլում ինքնասպան լինելու գաղափար են ունենում:Հիմնականում ինքնասպանության են դիմում անչափահասները, բանտարկյալները, զինվորները, սեռական փոքրամասնությունները, հոգեկան հիվանդները»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց հոգեբանը: Նրա խոսքով' ինքնասպանության թիվ մեկ դրդապատճառը սոցիալական խնդիրներն են:»Մարդը դիմում է ինքնասպանության, երբ այլեւս փրկության ոչ մի ելք չի տեսնում, երբ միայնակ է, գտնվում է հուսահատության մեջ: Թերարժեքության բարդույթը, ճնշումները, դժբախտությունները եւս կարող են դեր խաղալ ինքնասպանություն կատարելու մեջ»: Հոգեբանը, խոսելով նաեւ պատանիների ինքնասպանությունների դեպքերի մասին, ծնողներին խորհուրդ է տալիս երեխաներին հեռու պահել սարսափ ֆիլմերից, այն տեսարաններից, որտեղ հերոսը ինքնասպանություն է գործում.»Երեխաները սպունգի պես կլանում են այն, ինչ տալիս ես: Միայն հետաքրքրության համար երեխան կարող է կրկնօրինակել ֆիլմի հերոսին, ինչը կարող է դժբախտ ավարտ ունենալ»:

Համաշխարհային առողջապահական կազմակերպության տվյալներով' 2020թ. ինքնասպան կլինի շուրջ 1 մլն. 530.000 մարդ, այսինքն' 20 րոպեն մեկ ինքնասպան կլինի 1 մարդ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում