3 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեպտեմբերի 27-29-ը Երեւանում եւ Գեղարքունիքում կանցկացվի «Վարչական շրջանի երկրաէկոլոգիական մոնիթորինգ եւ ռիսկ» գիտաժողով, որի կազմակերպիչներն են «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն» ինստիտուտը, Գեղարքունիքի մարզպետարանը, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը եւ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը։
«Գիտաժողովը կնպաստի գիտական- տեխնիկական հնարավորությունների զարգացմանը. շուրջ 56 երկրներ մասնակցության ցանկություն են հայտնել, ինչը խոսում է թեմայի արդիականության մասին», -»Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՊՃՀ-ի Քիմիական տեխնոլոգիաների եւ բնապահպանական ճարտարագիտության ամբիոնի վարիչ Գագիկ Թորոսյանը:
Գիտաժողովին մասնակցելու նպատակով Երեւան են ժամանելու անվանի գիտնականներ Ռուսաստանի Դաշնությունից, Միացյալ Նահանգներից, Ռումինիայից, Չեխիայից, Սլովենիայից, Իսրայելից, Իտալիայից, Գերմանիայից, Բելառուսից, Լեհաստանից, Ուկրաինայից, Մոլդովայից, Լիտվայից, Իրանից, Հորդանանից։
Կքննարկվեն մի շարք թեմաներ, այդ թվում՝ Սեւանի ջրային ավազանի ներկա վիճակը, մարդածին ազդեցության հետեւանքով ջրային ռեսուրսների էկոհամակարգի փոփոխությունները, քիմիական-տեխնոլոգիական օբյեկտների ռիսկերի գնահատման մոդելները, խոշոր վթարների դեպքում լճերի եւ ջրամբարների ռադիոակտիվ աղտոտման կանխարգելումները, այլ հարցեր։
«Վարչական շրջանի երկրաէկոլոգիական մոնիթորինգ եւ ռիսկ» գիտաժողովի ընթացքում շեշտադրվող թեմաներից են երկրաբանական միջավայրի վրա բիզնես գործունեության հետեւանքներն ու վտանգները, կխոսվի նաեւ տարածաշրջանային հիմնական խնդրի՝ վերահսկողության կազմակերպման եւ գեոդինամիկ գործընթացների մասին։
Հատուկ անդրադարձ կլինի Սեւանա լճի էկոհամակարգի փոփոխություններին։ Սեւանա լիճն ունի տարածաշրջանային մեծ նշանակություն' որպես քաղցրահամ ջրի եզակի պաշար։ Գիտաժողովի արդյունքում ակնկալվում է նաեւ ունենալ հստակ ծրագրեր, որոնք կնպաստեն Սեւանի ջրային ավազանի հիմնախնդիրների լուծմանը։ Եռօրյա գիտաժողովի 2-րդ օրը կանցկացվի Գեղարքունիքում, իսկ բացման եւ փակման արարողությունները տեղի կունենան Երեւանում: