Նախատեսվում է այս ուսումնական տարվանից Բուխարեստի համալսարանում վերսկսել հայոց լեզվի դասընթացները
4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեպտեմբերի 8-ին Ռումինիայի ԱԳՆ-ում Ռումինիայի արտաքին գործերի փոխնախարար, պետքարտուղար Անտոն Նիկուլեսկուն եւ Ռումինիայում Հայաստանի դեսպան Համլետ Գասպարյանը ստորագրել են Հայաստանի եւ Ռումինիայի կառավարությունների միջեւ մշակույթի, կրթության եւ գիտության բնագավառներում համագործակցության մասին ծրագիր:
Ծրագիրը, որ բխում է 1994թ. սեպտեմբերի 20-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռումինիայի Կառավարության միջեւ գիտության, կրթության, մշակույթի եւ սպորտի բնագավառներում համագործակցության վերաբերյալ» համաձայնագրի դրույթներից, 2011-2015թթ. համար ընդգրկում է միջոցառումների լայն ցանկ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, մասնավորապես, կողմերը կխրախուսեն թատրոնի, կինոյի, երաժշտության, կերպարվեստի, ոչ նյութական մշակութային ժառանգության, պատմության, թանգարանային գործի, թանգարանային եւ ճարտարապետության ուսուցման բնագավառներում համագործակցությունը, համատեղ ջանքերով կնախաձեռնեն ռումինահայ համայնքի պատմության հետ կապված պատմական հուշարձանների ցուցակագրման ծրագիր, կփոխանակեն իրենց երկրների պատմամշակութային ժառանգությանը վերաբերող ցուցահանդես, կիրականացնեն համագործակցության ծրագիր ազգային մշակութային ժառանգության պահպանության եւ պաշտպանության բնագավառների հաստատությունների միջեւ, ինչպես նաեւ կհամագործակցեն Եվրոպայի խորհրդի առաջարկած մշակութային ծրագրերի շրջանակներում:
Ծրագիրը նախատեսում է լայն համագործակցություն կրթության բնագավառում, մասնավորապես, բուհական եւ հետբուհական ուսուցման կրթաթոշակների փոխանակման միջոցով: Ծրագրի առանցքային կետերից մեկը փոխադարձաբար հայերեն եւ ռումիներեն լեզվի, գրականության, հայագիտության եւ ռումինագիտության ուսումնասիրությունն է Երեւանի եւ Բուխարեստի պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում: Արդեն մի քանի տարի Երեւանի Բրյուսովի անվ. լեզվագիտական համալսարանում հաջողությամբ դասավանդվում է ռումիներեն, նախատեսվում է այս ուսումնական տարվանից Բուխարեստի համալսարանում վերսկսել հայոց լեզվի դասընթացները:
Ծրագիրը նախատեսում է նաեւ համագործակցության զարգացում Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի եւ Ռումինիայի Գիտությունների ակադեմիայի միջեւ գիտական համագործակցության վերաբերյալ ուղղակի համաձայնագրի հիման վրա:
Ծրագրով համագործակցություն է նախատեսվում զանգվածային լրատվամիջոցների բնագավառում' մինչեւ այժմ կնքված պայմանագրերի նորացման միջոցով, ինչպես նաեւ երիտասարդության եւ սպորտի ոլորտում, մասնավորապես, երկու երկրների երիտասարդական կազմակերպությունների միջեւ ուղիղ կապերի հաստատման, համատեղ ծրագրերի մշակման ու իրականացման միջոցով:
Ծրագրի ստորագրմանը նախորդել է Համլետ Գասպարյանի եւ Անտոն Նիկուլեսկուի առանձնազրույցը, որի ժամանակ կողմերը նշել են, որ ներկա ծրագիրը կշարունակի եւ կընդարձակի այն համագործակցությունը, որ տարիներ ի վեր հաջողությամբ ծավալվում է երկու երկրների միջեւ կրթության, գիտության եւ մշակույթի բնագավառներում:
Ողջույնի իր խոսքում ՀՀ դեսպանն ընդգծել է, որ ծրագիրը հնարավորություն է ընձեռում անդրադառնալու դարերի ընթացքում ստեղծված երկու ժողովուրդների համատեղ ժառանգության հարցերին, որն այսօրվա սերունդների համար խիստ ուսանելի է' որպես փոխըմբռնման եւ հանդուրժողականության, մշակութային փոխազդեցության լավագույն օրինակ: