Մարզային

Գյումրիում կբացվի Միջհամայնքային առաջին ցուցահանդեսը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեպտեմբերի 8-9-ը Գյումրիում կբացվի Միջհամայնքային մշակութային առաջին ցուցահանդեսը, կկազմակերպվի պարային, ազգային նվագարանների, ժողովրդական երգի մրցույթ-փառատոն, որի նպատակը համայնքային մշակութային կյանքի աշխուժացմանը նպաստելն է: Ցուցահանդեսը նվիրված է Հայաստանի Հանրապետությունում տեղական ինքնակառավարման համակարգի ներդրման 15-ամյակին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի ազգային գրադարանի հանրության հետ կապերի եւ միջոցառումների կազմակերպման բաժնից, ցուցահանդեսին մասնակցության համար գրադարանի «Բիբլիոբուս»-ը կլինի Գյումրիում: Նրանում յուրաքանչյուր մարզի հատկացված կլինի առանձին անկյուն' գրականություն եւ մամուլ' բաժիններով: Ընտրված ցուցանմուշները' հիմնականում ամսագրեր, հրատարակված են 1996 թվականից հետո:

Ինչպես նախօրոք «Արմենպրես»-ին տեղեկացրել էին ՀՀ տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, ՏԻ համակարգի ներդրման 15-ամյակի առթիվ հոկտեմբերին Ջերմուկում տեղի կունենա գյուղական համայնքների զարգացմանը նվիրված համաժողով, որտեղ կքննարկվեն համայնքային զարգացման ամենահրատապ թեմաները: Ստրասբուրգում ԵԽ տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսի նստաշրջանի շրջանակում կկազմակերպվի Հայաստանի ՏԻՄ 15-ամյակին նվիրված ցուցահանդես:

Նոյեմբերին Հայաստանում կանցկացվի միջազգային խոշոր համաժողով' նվիրված տեղական ինքնակառավարման համակարգի արդի հիմնախնդիրներին, ՏԻՄ-երի դերակատարմանը ժամանակակից աշխարհում ու Հայաստանում: Հոբելյանական միջոցառումները կեզրափակվեն նոյեմբերին' ՏԻՄ կազմավորման օրվան նվիրված հանդիսավոր արարողությամբ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում