2 րոպեի ընթերցում
ՔԱՋԱՐԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անցյալ դարի 90-ական թվականներից Քաջարան քաղաքում ամենամյա դարձած «Ուսանողական ամառ» միջոցառումն այս տարի մեկնարկել է օգոստոսի 16-ից եւ կտեւի մինչեւ օգոստոսի 25-ը: «Ուսանողական ամառ-2011»-ին մասնակցում են մոտ 100 քաջարանցի ուսանողներ, որոնք սովորում են հանրապետության տարբեր բարձրագույն եւ միջնակարգ մասնագիտական կրթության ուսումնական հաստատություններում: «Արդեն ավանդույթ է դարձել, որ այս միջոցառմանը մեր ուսանողների հետ միասին ակտիվ մասնակցում են նաեւ կապանցի շնորհալի շատ ուսանողներ, որոնք հանդես են գալիս հետաքրքիր ու բազմաբովանդակ նախաձեռնություններով», - «Արմենպրես»-ի Սյունիքի թղթակցին ասաց քաղաքապետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի բաժնի պետ Գայանե Համազասպյանը:
Միջոցառման անցած օրերի ընթացքում ուսանողները հասցրել են քաղաքապետարանում եւ քաղաքապետարանի ենթակայության հիմնարկներում անցկացնել ինքնակառավարման օր, կազմակերպել նորաձեւության մրցույթ, այցելել քաղաքի «Եղբայրական գերեզմանատուն» եւ ծաղիկներ դնել նահատակների շիրիմներին: Իսկ առաջիկա օրերին քաջարանցի ուսանողները պատրաստվում են էքսկուրսիայի' դեպի Գանձասար:
«Ուսանողների առօրյան շատ հագեցած է անցնում, օրվա ընթացքում պարտադիր լինում են թիմային խաղեր, մրցույթներ, վիկտորինաներ, իսկ օրը եզրափակում են երգ ու պարով», - ասաց Գ.Համազասպյանը:
Քաջարանում «Ուսանողական ամառ-2011»-ի վերջին օրը նախատեսված է մեծ խնջույք, համերգ եւ հրավառություն: Այդ օրն էլ միջոցառման հովանավոր Քաջարանի քաղաքապատարանի կողմից առավել ակտիվ ուսանողները կարժանանան նվերների: