Հասարակական

Սերժ Թանկյանը համալրել է «Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր»-ի շարքերը

4 րոպեի ընթերցում

Սերժ Թանկյանը համալրել է «Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր»-ի շարքերը

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրահայտ երգիչ եւ երգահան, աշխարհահռչակ «System of a Down» ռոք խմբի մենակատար, հայազգի Սերժ Թանկյանը հանդես է եկել «Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» բարեգործական հիմնադրամի գործունեությանը նվիրված հասարակական տեսահաղորդագրությամբ' նախքան իր' Հայաստան այցելությունը: Հոլովակը հիմնադրամի գործունեությունը ներկայացնող կադրերի շարք է, որն ուղեկցվում է Թանկյանի կոչով' միանալ գրանցված դոնորների շարքին: «Այս հոլովակի դիտումը կխլի ձեզանից ընդամենը 30 վայրկյան», - ասվում է ուղերձում: «Ընդամենը 30 վայրկյանում դուք կարող եք օգնել ձեր նման մեկին վերածնվել, ապրել, նորից սիրել, խաղալ, ժպտալ: Համալրելով «Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր»-ի շարքերը' դուք մի մեծ քայլ եք անում հայ կյանքեր փրկելու համար: Երբ դոնորագրվեք, կդառնաք մեկն այն մեծ ընտանիքից, ովքեր արդեն իսկ կյանքեր են փրկել ամբողջ աշխարհում: Բայց մեզ դեռ պետք է հենց ձեր օգնությունը: Միայն հայազգի դոնորը կարող է փրկել իր հայրենակցի կյանքը... ընդամենը 30 վայրկյանում»,- ասված է տեսահաղորդագրության մեջ:

Մեկնաբանելով հոլովակի թողարկումը'հիմնադրամի նախագահ Ֆրիդա Ջորդանն իր երախտիքի եւ հպարտության խոսքերն է հղել Թանկյանին' մարդասիրական գործին աջակից եւ ջատագով լինելու համար' անվանելով նրան «հայ երիտասարդության համար լավագույն օրինակ»:

Սերժ Թանկյանի տեսահաղորդագրությունն առայժմ հասանելի է «Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր»-ի կայքում (www.abmdr.am), սակայն շուտով կտեղադրվի նաեւ «YouTube»-ում եւ այլուր:

Երգչի' օգոստոսի 15-ին քաղաքացիական հանդիպման ընթացքում բոլոր ցանկացողները հնարավորություն ունեին հետեւելու Թանկյանի օրինակին եւ հանդիպումից ամիջապես հետո արյուն հանձնել' ոսկրածուծի դոնոր դառնալու համար հայտագրվելով: Ոսկրածուծի դոնորությունը, ի տարբերություն արյան դոնորության, իրականանում է բացառապես անվարձահատույց: Այն իրականացվում է երեք փուլով:

«Ոսկրածուծի դոնոր կարող են դառնալ միայն 18-50 տարեկան անձինք, ընդամենը մեկ անգամ կյանքի ընթացքում: Դոնորը չպետք է երբեւէ հիվանդացած լինի դեղնախտով, եւ չպետք է ունենա առողջական խնդիրներ»,- «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց «Ոսկրածուծի հայկական ռեեստր»-ի գրասենյակի մենեջեր Գոհար Մալխասյանը' հավելելով, որ քչերին է հայտնի, որ ոսկրածուծի դոնոր դառնալը ոչ մի վնաս չի հասցնում տվյալ դոնորի առողջությանը: Ոսկրածուծը սպունգանման հյուսվածք է, որը գտնվում է տափակ ոսկորների ներսում: Ոսկրածուծի բաղադրիչ մասը կազմող ցողունային բջիջներն այն մասնիկներն են, որոնցից զարգանում են արյան բջիջները: Ցողունային բջջիջների կամ այլ կերպ կոչվող' բնաբջիջջների արդյունքում ծնվում են արյան գնդիկները:

Նշենք նաեւ, որ «Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» բարեգործական հիմնադրամը ստեղծվել եւ հիմնադրվել է Հայաստանում 1999 թ. հունիսին, ի պատասխան լեյկեմիայով եւ արյան այլ հիվանդություններով տառապող երեխաների կյանքի փրկության եւ բուժման համար ստեղծված խիստ անհրաժեշտության: Կազմակերպությունը գրանցվել է Հայաստանում որպես շահույթ չհետապնդող հասարակական կազմակերպություն: Այս տարիների ընթացքում դոնորագրվել են մոտ 20 հազար կամավորներ, իսկ աշխարհի տարբեր երկրներից դիմած 2 063 հիվանդի համար նախնական համընկնող 1699 դոնոր է հայտնաբերվել, որոնցից 13-ն արդեն նվիրաբերել են իրենց արյան ցողունային բջիջները: Հիմնադրամն ունի գրասենյակ ԱՄՆ-ում, ինչպես նաեւ կամավորների բանակ:

Ուշագրավ է, որ նախկին խորհրդային երկրների տարածքում Հայաստանը միակն է, որն ունի Ոսկրածուծի դոնորների ռեեստր:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում