Փաստ մեկնաբանությամբ

Ա. Հովհաննիսյան. «Հայաստանում պլաստիկ վիրաբուժության սակագներն ամենացածրն են տարածաշրջանում»

5 րոպեի ընթերցում

Ա. Հովհաննիսյան. «Հայաստանում պլաստիկ վիրաբուժության սակագներն ամենացածրն են տարածաշրջանում»

ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում պլաստիկ վիրաբուժության սակագներն ամենացածրն են տարածաշրջանում: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Հայաստանի պլաստիկ վիրաբույժների ասոցիացիայի նախագահ, բժիշկ, բժշկական գիտությունների թեկնածու Արմեն Հովհաննիսյանը' շեշտելով, որ ծառայությունների որակը բավականին բարձր է, ոլորտը' զարգացած, կիրառվող տեխնոլոգիաներն էլ համապատասխանում են ժամանակակից պահանջներին: Քթի վիրահատությունը, օրինակ, որն ամենատարածվածն է Հայաստանում, տարբեր կենտրոններում եւ տարբեր մասնագետների դեպքում տատանվում է 800- 1200 ԱՄՆ դոլարի սահմաններում:

Հայաստանը պլաստիկ վիրաբուժության ոլորտում Եվրոպական եւ Համաշխարհային կոնֆեդերացիայի իսկական անդամ է: «Բոլորովին վերջերս մեր հանրապետություն էին այցելել այս երկու կառույցների նախագահները, որոնք սովորաբար միաժամանակ նույն վայրում չեն լինում, եւ սա ապացուցում է, որ մեր մասնագետներն արժանի են նման վերաբերմունքի»,-փաստեց Ա. Հովհաննիսյանը:

Բժիշկ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ, Պլաստիկ վերականգնողական եւ էսթետիկ վիրաբույժների եվրոպական միության անդամ, պլաստիկ վիրաբույժ Հայկ Ենոքյանի խոսքով' այս ոլորտի խնդիրներով Հայաստան են գալիս ոչ միայն տարածաշրջանում, այլ նաեւ օվկիանոսից այն կողմ ապրող մարդիկ: «Մեր երկրում գործող սակագները պայմանավոված են մեր կենսամակարդակով, իսկ կիրառվող մեթոդներն ու մասնագետների որակավորումն ամենաբարձր չափանիշներին են համապատասխանում»,-հավաստեց նա:

Հայաստանի պլաստիկ վիրաբույժների ասոցիացիան ներառում է հանրապետության գրեթե բոլոր վիրաբույժներին. ունի 35 անդամ: «Մենք բոլորս շատ մտերիմ ենք, հաճախ ենք հանդիպում, քննարկումներ կազմակերպում դաշտի խնդիրների վերաբերյալ»,-տեղեկացրեց ասոցիացիայի նախագահը' հայտնելով նաեւ, որ տարին մեկ կամ երկու անգամ էլ միջազգային համաժողովներ են կազմակերպում, որոնց շրջանակներում Հայաստանում են հյուրընկալվում պլաստիկ վիրաբույժներ աշխարհի բոլոր անկյուններից:

Ասոցիացիայի կողմից վերահսկվում են Հայաստանում կատարվող բոլոր վիրահատությունները' դրանց մեթոդներն ու ընդհանուր գործընթացը, ինչպես նաեւ առհասարակ ծառայությունների որակը, իսկ վերջին շրջանում լայն տարածում ստացած գեղեցկության կոսմետիկ կենտրոնները լիցենզավորվում են ՀՀ առողջապահության նախարարության կողմից, աշխատող բժիշկ-մասնագետներն էլ որակավում են խիստ չափանիշներով:

Հայաստանի պլաստիկ վիրաբույժների ասոցիացիայի դերը մեծ է նաեւ ոլորտի' հայաստանյան վարկանշի բարձրացման եւ պահպանման հարցում, ինչի փայլուն օրինակն է այն հանգամանքը, որ Հայաստանում այդպես էլ տարածում չգտան աշխարհում վերջերս հայտնաբերված արհեստական ժելեները (գելեր), որ բողոքի հսկայական ալիքը բարձրացրին: «Մենք թույլ չտվեցինք մեզանում տարածվի մի մեթոդ, որի արդյունավետությունը դեռ փորձարկման փուլում էր»,-հպարտությամբ նշեց Ա. Հովհաննիսյանը' պատմելով, որ դրանք մարմնի ցանկացած հատվածին ծավալ հաղորդող նյութեր էին, որոնց արտադրությանբ սկսել էր զբաղվել ինչպես Չինաստանը, Ռուսաստանը, Միջին Ասիան, այնպես էլ Եվրոպան: Մարմնում տեղադրվում էին ներարկման միջոցով, ամենից հաճախ կիրառվում էին շրթունքներին ծավալ հաղորդելու նպատակով: Սակայն շատ շուտով պարզվեց, որ դրանք տեղաշարժվելու հակվածություն ունեին, քանի որ պաշտպանիչ շերտ չունեին: «Մենք մի անգամ մի կնոջ ծնկափոսից ենք հեռացրել այդ գելը, որ ներարկվել էր նրա կրծքագեղձ. դա շատ վտանգավոր է»,- հիշեց բժիշկը' նույնկերպ չբացառելով, որ, օրինակ, շրթունք ներարկված նյութը կարող է հասնել մինչեւ որովայնի պատ:

Բանախոսները հիշեցրին, որ առաջին պլաստիկ վիրաբուժությունները Հայաստանում սկսել են իրականացվել 70-ական թթ-ին. դրանք վերականգնման բնույթի էին, եւ վերջույթների վնասվածքների վերականգնումն էր ամենից տարածվածը: «Իսկ վերջին տասը-տասնհինգ տարիների ընթացքում մեր երկրում արագ տեմպերով զարգացավ էսթետիկ վիրաբուժությունը»,- նշեց Ա. Հովհաննիսյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում