ՀՀ վարչապետի հուշամեդալ` Սերժ Թանկյանին
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր կառավարությունում ընդունել է աշխարհահռչակ ամերիկահայ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով հօուրին' կառավարության ղեկավարը նշել է, որ կարեւորում է հռչակավոր երաժշտի այցելությունը' Հայաստանի Հանրապետությունում ռոք երաժշտության աջակցության ու զարգացման համատեքստում: Վարչապետ Սարգսյանն ընդգծել է, որ մեր երկրում ստեղծվել է հայաստանյան մի շարք ռոք խմբերի միավորող ռոք ասոցիացիա, որի գործունեությունը նպաստում է Հայաստանում ռոք երաժշտության տարածմանը:
Անդրադարձ է կատարվել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ «Ռոքն ընդդեմ ցեղասպանության» փառատոնի անցկացմանը եւ դրան համաշխարհային հռչակ ունեցող ռոք խմբերի ու կատարողների մասնակցությանը:
Վարչապետը Սերժ Թանկյանին մաղթել է առողջություն, ուժ ու եռանդ բոլոր մտահղացումների իրականացման համար:
Հանդիպման ավարտին Հայոց ցեղասպանության ճանաչման գործում անձնական նշանակալի ավանդի ու համաշխարհային ռոք երաժշտության մեջ ունեցած անգնահատելի ներդրման համար վարչապետ Տիգրան Սարգսյանը երգիչ ու երգահան Սերժ Թանկյանին պարգեւատրել է ՀՀ վարչապետի հուշամեդալով: