Փաստ մեկնաբանությամբ

Թ. Բաբայան. «Չնայած տեխնոլոգիաների թանկությանը` Հայաստանն ունի արեւային էլեկտրաէներգիայի տեխնիկական ներուժ»

4 րոպեի ընթերցում

Թ. Բաբայան. «Չնայած տեխնոլոգիաների թանկությանը` Հայաստանն ունի արեւային էլեկտրաէներգիայի տեխնիկական ներուժ»

ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում տարվա մեջ լինում է 2500 արեւոտ ժամ, իսկ տարեկան միջինում հորիզոնական մակերեւույթում մեկ քմ-ի վրա ձեւավորվող էներգիան կազմում է շուրջ 1720 կՎտ ժամ, ինչն էլ վկայությունն է այն բանի, որ արեւային էլեկտրաէներգիա արտադրող արդյունաբերությունն ունի էական աճի ներուժ:

Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Հայաստանի վերականգնվող էներգետիկայի եւ էներգախնայողության հիմնադրամի տնօրեն Թամարա Բաբայանը, արեւային էլեկտրահամակարգերը հնարավորություն են ապահովում' գնի տեսանկյունից արդյունավետ կերպով մեծացնելու էլեկտրականության արտադրողականությունը' միաժամանակ խուսափելով շրջակա միջավայրի քայքայումից, ինչը բնորոշ է ավանդական էլեկտրակայանների շինարարությանն ու շահագործմանը: «Հաշվի առնելով, որ արեւային էլեկտրաէներգիա արտադրող տեխնոլոգիաները սկզբնական զգալի ներդրումներ են պահանջում եւ կիրառական են այն երկրներում, ուր կա սուբսիդիա' պետք է փաստեմ, որ անելիք շատ կա հայաստանյան դաշտում»,- հայտնեց Թ. Բաբայանը' հավատացնելով, որ այդ տեխնոլոգիաների ներդրումը մեծապես պայմանավորված է սոցիալական գործոններով. դրանց կիրառումն իր ազդեցությունը կունենա սպառողների վրա: «Այնուամենայնիվ, տեխնիկական ներուժն առկա է»,-փաստեց հիմնադրամի տնօրենը:

Ներկայում արեւային էներգետիկայի զարգացումը հանրապետությունում սկզբնական փուլում է գտնվում: Իսկ ոլորտի զարգացման բարդությունները շուկայական ներկա պայմաններում պայմանավորված են պահանջվող սկզբնական մեծ կապիտալով եւ գոյություն ունեցող բնական գազի ու ատոմային կայաններից ստացվող էլեկտրականության ծախսերի սուբսիդավորմամբ:

Ինչպես հավաստում են ոլորտն ուսումնասիրող հիմնադրամի մասնագետները, պահանջվում է միջազգային կազմակերպությունների եւ կառավարության օգնությունը' օրենսդրական միջավայրը բարելավելու համար, որպեսզի այն կարողանա խթանել արեւային էներգիայի տեխնոլոգիաների զարգացումը: Մյուս կարեւոր քայլը նրանք համարում են ապրանքի արժեքի նվազեցումը, տեղական եւ տարածաշրջանային շուկաների զարգացումը, եւ պնդում, որ եթե այդ քայլերն արվեն, ապա տեղական հումքի հիման վրա արեւային էներգիայի արդյունաբերության զարգացումը կարող է տնտեսապես կենսունակ դառնալ:

Ներկայում Հայաստանում էներգիայի գները ցածր են միջազգային շուկայի համեմատ' բնական գազի ցածր գների եւ էլեկտրականության կիրառվող սակագների արդյունքում: Էլեկտրականությունը մատչելի է բոլոր բնակելի տարածքների, ծառայությունների եւ արդյունաբերության համար:Այսինքն' Հայաստանը կարելի է դասել աշխարհի այն լավագույն երկրների շարքում, որտեղ ընդհանուր էներգահամակարգով սնուցվում է ամբողջ երկիրը: Հայաստանի կառավարությունը կարեւորում է երկրում վերականգնվող էներգիայի զարգացման գերակայությունը թե՛ կանոնակարգող, եւ թե՛ օրենսդրական մակարդակներում:

Արտասահմանյան ներդրողները խրախուսվում են մուտք գործելու տեղական շուկա եւ կարող են գործել տեղական ընկերությունների հետ հավասար պայմաններում:

Հայաստանի վերականգնվող էներգետիկայի եւ էներգախնայողության հիմնադրամի եզրակացությամբ' Հայաստանը գերազանց վայր է պահանջվող ապրանքների արտադրության համար' մի քանի պատճառներով' ծագող տնտեսություն, հումքի մատչելիության գերազանց մակարդակ (բարձրորակ ավազ ու նաեւ քվարց), համեմատաբար էժան աշխատուժ, էլեկտրականության ցածր արժեք, առատ հողատարածքներ էժան գներով եւ բազմաթիվ այլ աջակից գործոններ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում