Գյումրու նոր բժշկական կենտրոնի շինարարական աշխատանքները կավարտվեն ժամանակից շուտ
2 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրու նոր բազմաֆունկցիոնալ բժշկական կենտրոնի շինարարական աշխատանքները, որոնք մեկնարկել էին անցած տարվա հունիսից, նախատեսված է ավարտել մինչեւ 2012 թվականը: Շինարարությունն իրականացվում է Գյումրու Ավստրիական մանկական հիվանդանոցի տարածքում՝ Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ: Ըստ նախատեսվածի' նոր բուժհիմնարկում կտեղակայվեն Սամարիթեր եւ Մարզային հիվանդանոցների թերապեւտիկ, սրտաբանական բաժանմունքները եւ Վիրաբուժական հիվանդանոցը: Նշենք, որ Սամարիթեր եւ Վիրաբուժական հիվանդանոցները կառուցված են եղել որպես վարչական շենքեր եւ չունեին անհրաժեշտ հիվանդանոցային պայմաններ, իսկ նոր հիվանդանոցը լինելու է տիպային՝ բոլոր անհրաժեշտ պայմաններով:
Ինչպես «Արմենպրես»-ի Շիրակի մարզի թղթակցին տեղեկացրեց մարզպետարանի առողջապահության վարչության պետ Հովհաննես Հովհաննիսյանը, շինարարական աշխատանքներն ընթանում են նորմալ հունով, եւ չնայած դրանք նախատեսված է ավարտին հասցնել հաջորդ տարի, շինարարները խոստանում են ժամկետից շուտ ավարտել:
«Ըստ նախագծի' կառույցը լինելու է հինգհարկանի: Շինարարներին արդեն հաջողվել է իրականացնել երրորդ հարկի շինարարությունը, զուգահեռ' առաջին հարկում արդեն իրականացվում են հարդարման աշխատանքներ: Հետեւաբար, շինարարների այն խոստումը, թե աշխատանքները կավարտվեն տարեվերջին, կարող է իրականանալ:Ներկայում աշխատանքները մեծ թափով են ընթանում»,-նշեց Հ. Հովհաննիսյանը :
Նոր բուժհաստատությունն ունենալու է ավելի քան երկու հարյուր մահճակալ: