Պաշտոնական

Տ. Սարգսյան. «Մեր նպատակն է Հայաստանում հնարավորինս զարգացնել տեղական ինքնակառավարումը»

2 րոպեի ընթերցում

Տ. Սարգսյան. «Մեր նպատակն է Հայաստանում հնարավորինս զարգացնել տեղական ինքնակառավարումը»

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի տեղական ու տարածքային իշխանությունների կոնգրեսի պատվիրակությանը: Պատվիրակությունը Հայաստան է ժամանել հայկական կողմի հրավերով' Եվրախորհրդի տեղական ու տարածքային իշխանությունների կոնգրեսի Ընթացիկ հարցերի հանձնաժողովի նիստը Երեւանում անցկացնելու նպատակով:

«Ուրախ եմ, որ ձեր հերթական հանդիպման վայրը Երեւանն էր: Այն հարցերը, որ դուք քննարկել եք, արդիական են նաեւ մեզ համար: Մենք ուշադրությամբ հետեւում ենք ձեր նիստերին, տեղեկանում, թե ինչ հարցեր են քննարկվում եւ ինչպիսի մոտեցումներ կան: Մեր նպատակն է հնարավորինս զարգացնել տեղական ինքնակառավարումը Հայաստանում: Այդ տեսակետից ժողովրդավարության ամրապնդման համար տեղական ինքնակառավարման խնդիրները կարող են էական դերակատարություն ունենալ քաղաքացիական հասարակություն ձեւավորելու առումով»,- ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով հյուրերին' ասել է ՀՀ վարչապետը:

Պատվիրակության անդամները շնորհակալություն են հայտնել կառավարության ղեկավարին ընդունելության համար եւ ներկայացրել իրենց երկրներում տեղական ժողովրդավարության վիճակը եւ զարգացման միտումները: Հանձնաժողովի նախագահ, ԵԽ տեղական ու տարածքային իշխանությունների Հայաստանի պատվիրակության ղեկավար Էմին Երիցյանն խոսել է հանձնաժողովի գործունեության ուղղությունների մասին, ներկայացրել հանձնաժողովի նիստի աշխատանքների ընթացքը եւ Ստրասբուրգում հոկտեմբերին կայանալիք հաջորդ նիստում ներկայացվելիք զեկույցները: Նա նշել է, որ Ստրասբուրգից դուրս արտագնա նիստերը հնարավորություն են տալիս ավելի լավ ծանոթանալ անդամ երկրներին եւ խորացնել համագործակցությունը:

Կարեւորելով տեղական ժողովրդավարության զարգացումը եւ ՏԻՄ կայացմանն ուղղված քայլերի ձեռնարկումը' կառավարության ղեկավարն ասել է, որ այս տարի նշվում է Հայաստանի ՏԻՄ 15-ամյակը, եւ այդ առթիվ ձեւավորվել է ՀՀ-ում տեղական ինքնակառավարման համակարգի ներդրման 15-ամյակի նշումը կազմակերպող հոբելյանական հանձնաժողով:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում