2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արմավիրի մարզում շարունակվում են հակակարկտային կայանների տեղադրման գործընթացը: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Փառանձեմ Կարապետյանը, ներկայում մարզում տեղադրված են մոտ 60 կայաններ, բայց գերնպատակն այն է, դրանց առկայության շնորհիվ մարզի տարածքն ամբողջությամբ ապահովված կլինի կարկուտից:
«Գաղտնիք չէ, որ Արմավիրի մարզը համարվում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսական հիմնական արտադրանք տվող մարզերից մեկը, եւ խնդիրները գյուղատնտեսության բնագավառում մեծամասամբ կենտրոնացված են հենց այս մարզում: Պատահական չէ, որ Արմավիրի 2011-2014 թվականների զարգացման ծրագրով «առյուծի բաժինը» տրված է գյուղատնտեսության զարգացման հեռանկարին, դինամիկային եւ այն խնդիրների լուծմանը, որոնք մարզում այսօր առաջնահերթ են»,- ասաց մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը' դրանցից հատկանշկան համարելով խաղողագործության եւ պտղաբուծության զարգացումը, մարզի հացահատիկային կուլտուրաների մշակմանը տրամադրված հողերի, ցանքատարածությունների կրճատումը եւ դրա հաշվին պտղաբուծության ու բանջարաբուծության զարգացումը: Մյուս կարեւոր խնդիրը Փ. Կարապետյանը համարեց ոռոգման համակարգի վերանորգման աշխատանքների ավարտին հասցնելը: Այդ առումով բարձր գնահատվեց մարզում «Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ-Հայաստան» ծրագրով այդ ուղղությամբ կատարված աշխատանքները:
Ինչ վերաբերում է մարզի' գյուղտեխնիկայով ապահովմանը, ապա Փ. Կարապետյանը հույս հայտնեց, որ թե' ՀՀ կառավարության, եւ թե' Արմավիրի մարզի' այլ երկրների հետ համագործակցության շնորհիվ այդ խնդիրը կամաց-կամաց լուծում սկտանա: