Վերլուծություն

Թուրքիայի քաղաքական ուժերն իրենց նախընտրական ծրագրերում Հայաստանի հետ հարաբերությունները չեն կարեւորել

8 րոպեի ընթերցում

Թուրքիայի քաղաքական ուժերն իրենց նախընտրական ծրագրերում Հայաստանի հետ հարաբերությունները չեն կարեւորել

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունիսի 12-ին Թուրքիայում կայանալիք խորհրդարանական ընտրություններում հաջողության հասնելու հավակնորդ երկու քաղաքական ուժերը' «Արդարություն եւ զարգացում», «Հանրապետական ժողովրդական» կուսակցությունները, իրենց նախընտրական արտաքին քաղաքական բլոկում Հայաստանի հետ հարաբերությունների վերաբերյալ որեւէ կերպ անդրադարձ չեն կատարում: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց թուրքագետ Անուշ Հովհաննիսյանը' հավելելով, որ քաղաքական ուժերը Թուրքիայում նախընտրական շրջանում չեն պայքարում արտաքին քաղաքականության շուրջ, պայքարի թեժությունն ուղղված է ներքին խնդիրներին: Այնուամենայնիվ, կան որոշ արտաքին քաղաքական մոտեցումներ, շեշտադրումներ, որոնց վրա եւս մեծ ուշադրություն է դարձվում:

Ա. Հովհաննիսյանի խոսքով' ԱԶԿ-ն ընտրապայքարից առաջ ծրագրում էր որպես հաղթաթուղթ ներկայացնել արտաքին քաղաքական ծրագիրը, որը լինելու է ներկայիս քաղաքականության շարունակական ծրագիրը: ԱԶԿ-ն իր ծրագրում մասնավորապես շեշտում է Թուրքիայի աճող դերը Մերձավոր Արեւելքում, այն լավ հարաբերությունները, որոնք Թուրքիան ձեռք է բերել այդ տարածաշրջանի երկրների հետ: «Սակայն «արաբական գարուն»-ը շատ բան խառնեց, քանի որ ստացվեց այնպես, որ Թուրքիայի հետ լավ հարաբերություններ հաստատած այս կամ այն ռեժիմներն հեղափոխությունների արդյունքում ընկան»,- նկատեց թուրքագետը:

Վերջինս նշեց, որ 2010-ի վերջից սկսած' Թուրքիայի արտաքին քաղաքականությունը, որն ԱԶԿ-ն փորձում էր ներկայացնել որպես մեծագույն ձեռքբերում, շատ մեծ ուժով քննադատության է սկսել ենթարկվել թե' արտաքին աշխարհում, թե' երկրի ներսում: «Մասնավորապես' վերլուծաբանների կողմից նշվում է, որ ԱԶԿ-ի քաղաքականությունը' փորձ անել «խաղադրույքը դնել բոլոր ձիերի վրա», այսինքն' բոլոր ուղղություններով փորձել ձեռք բերել առավելություններ, ամեն տեղ հանդես գալ որպես միջնորդ, հաջողություններ չի արձանագրել, որեւէ էական շոշափելի արդյունք չի տվել: Վատթարացել են հարաբերություններն ավանդական դաշնակցի' ԱՄՆ-ի հետ, Եվրամիության ինտերգրման գործընթացը կասկածի տակ է: Այսինքն' այդ արտաքին քաղաքականության ոճը, որով ԱԶԿ-ն ցանկանում էր օգտագործել որպես հաղթաթուղթ, չստացվեց»,- ընդգծեց Ա. Հովհաննիսյանը:

Ըստ նրա' երկու հիմնական մրցակցող կուսակցությունների' ՀԺԿ-ի եւ ԱԶԿ-ի ծրագրերն իրենց ուղղություններով բավականին մոտ են:

ԱԶԿ-ն իր արտաքին քաղաքական բլոկը, որը ներկայացրել է հանրությանը, վերանագրել է «Թուրքիա, պետություն, առաջնորդ» խորագրով: «Այս ծագիրը շատ հավակնոտ է, որով նրանք նպատակ են դնում 21-րդ դարում Թուրքիան դարձնել ոչ միայն տարածաշրջանի, այլեւ աշխարհի առաջատար երկրներից մեկը' հիմնվելով պատմական անցյալի ժառանգության, աշխարհաքաղաքական դիրքի վրա, այսինքն' անդրադարձ է կատարվում Օսմանյական կայսրության հզորությանը: Որպես տնտեսական հիմնավորում արտաքին քաղաքականությանը' ԱԶԿ-ն ներկայացրել է նաեւ տնտեսական զարգացման հզոր ծրագիր, որի համաձայն' Թուրքիան իր տնտեսության հզորությամբ համաշախարհային դասակարգման աղյուսակում 16-րդ տեղից պետք է տեղափոխվի 10-րդը»,- նշեց Ա. Հովհաննիսյանը:

Ըստ նրա' Թուրքիայի ներկայիս իշխանական վերնախավը կարեւորում է նաեւ հարաբերությունների նորմալացումը հարեւանների հետ, Թուրքիայի ակտիվ դիրքորոշումը տարբեր հարցերի շուրջ եւ այլն: Վերջիններս հավակնություն ունեն 2017-ին տեղ զբաղեցնել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում' ոչ մշտական անդամի կարգավիճակով, Թուրքիայի շահերն առաջ քաշելու համար:

ԱԶԿ-ն առանձին կերպով մեծապես կարեւորում է նաեւ թուրք-ամերիկյան հաչաբերությունները, որոնք շարունակելու են զարգանալ ռազմավարական դաշնակցի ձեւաչափի շրջանակներում: «Եթե նախկինում երկկողմ հարաբերությունները շեշտադրվել են ռազմական համագործակցության վրա, այսուհետ ծրագրվում է ակտիվացնել նաեւ կապերը տնտեսական ոլորտում»,- ասաց նա:

Թուրքիա-Կիպրոս հարաբերություննում ԱԶԿ-ն ծրագրում է ամեն կերպ աջակցել Կիպրոսի թուրք քաղաքացիներին, պաշտպանել նրանց շահերը, նպաստել տնտեսական հզորացմանը, ջանքեր գործադրել Հյուսիսային Կիպրոսի Հանրապետությունն աշխարհում միջազգայնորեն ճանաչելու համար:

«Ուշագրավ է, որ առաձին կետով Հայաստանի հետ հարաբերությունները ծրագրում ներկայացված չեն: Ընդգծվել է Հարավային Կովկասը' ՌԴ-ի բլոկի կազմում: Սա ցույց է տալիս, որ նրանք գերադասում են պայմանավորվածությունները ձեռք բերել ՌԴ-ի հետ, այդ թվում' նաեւ Հայաստանի հետ հարաբերությունների շուրջ»,- նկատեց թուրքագետը:

Ի դեպ, Ա. Հովհաննիսյանի խոսքով' ԱԶԿ-ի այս ծրագիրը նախատեսված է մինչ 2023 թվականը' Թուրքիայի Հանրապետության 100-ամյակը, «ինչի արդյունքում երեւում է վարչապետ Ռեջեփ Թայիթ Էրդողանի անձնական հավակնությունները' դառնալ ավտորիտար առաջնորդ, ինչ- որ չափով հավասարվել հանրապետության հիմնադիր Աթաթուրքին, դառնալ նրա պես պատմական առաջնորդ»:

Ընդդիմադիր «Ազգայնական շարժում»-ն իր հերթին արտաքին քաղաքականության բլոկը վերնագրել է «Վճռորոշ առաջխաղացում» խորագրով եւ ինչպես ավանդաբար, կենտրոնացել թուրքական աշխարհի հետ կապերը սերտացնելու, ուժեղացնելու վրա: «Ազգայնական շարժում»-ն առաջին անգամ հանդես է գալիս սուր քննադատությամբ ԱՄՆ-ի հասցեին, քանի որ, ըստ նրա, ԱՄՆ-ն է պնդել, որպեսզի Թուրքիան գնա թուրք-հայկական մերձեցման գործընթացի ուղով, բացի այդ, հենց ԱՄՆ-ն է ճնշում գործադրում' քրդական նախաձեռնություններն իրականացնելու համար»:

Ընդդիմադիր կուսակցության ծրագրի առանձնահատկությունն այն է, որ առանձնակի ուշադրություն է դարձվում ղարաբաղյան հակամարտությանը, որը նրանք տեսնում են միայն ու միայն Ադրբեջանի շահերի տեսանկյունից եւ խոստանում' իշխանության գալուց հետո մեկ տարվա ընաթցքում ԼՂ-ն հանձնել Ադրբեջանին: «Այս կուսակցությունը գտնվում է ծանր վիճակում' պառակտման հետեւանքով, քանի որ կուսակցության վարչության անդամների մեծ մասը հրաժարական է տվել»,- ասաց Ա. Հովհաննիսյանը:

Ի դեպ, «Ազգայնական շարժում»-ն ավելի շատ կենտրոնանում է Թուրքիան տարածաշրջանային առաջնորդ դարձնելու վրա, իսկ գլոբալ դերակատարում երկրի համար չի նախատեսում: «Ծրագրում բացակայում է Իրանի եւ Իսրայելի հետ խնդրահարույց հարաբերությունների տեսլականը: Իսկ առանձին Հայաստանի հետ հարաբերությունների վերաբերյալ որեւէ մոտեցում ներկայացված չէ»,- ասաց Ա. Հովհաննիսյանը:

Ըստ Արմեն Խաչատրյանի

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում