Կապանում կտրուկ նվազել է անչափահասների կողմից կատարվող հանցագործությունների թիվը
2 րոպեի ընթերցում

ԿԱՊԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:
Կապանի տարածաշրջանի անչափահասների շրջանում 2009-ից սկսած հանցավորության կտրուկ նվազում է արձանագրվել: 2009-2011թթ. ընթացքում գրանցվել է հանցագործության 6 դեպք, մինչդեռ 2008-ին արձանագրվել է 6, 2007-ին' 9 դեպք:
«Ոստիկանության կողմից կատարված ուսումնասիրությունների համաձայն' պարզ է դարձել, որ կապանցի անչափահասների կողմից նախկինում առավել հաճախ կատարվում էին գողություններ, եղել է նաեւ կողոպուտի մեկ դեպք: Սակայն վերջին երկու տարիներին գողության դեպքերը կտրուկ նվազել են, իսկ դրան հակառակ' աճել հանրությանը դիտավորյալ վնաս պատճառելու դեպքերը: Վերջին երկու տարվա 6 դեպքերից 3-ը տարբեր աստիճանի մարմնական վնասներ պատճառելու դեպքեր էին», - Կապանի քաղաքապետարանում կայացած երեխաների իրավունքների պաշտպանությանը նվիրված քննարկմանն ասաց Կապանի բաժանմունքի անչափահասների գործերով բաժնի պետ Զառա Վարդանյանը:
Ուսումնասիրությունները պարզել են, որ տարածաշրջանում օրինախախտ արարքներ կատարվել են հիմնականում 16-18 տարիքային խմբի անչափահասների կողմից, եւ որպես շարժառիթ' հանդիսացել է ինքնահաստատման ձգտումը եւ տարբերվելու ցանկությունը: Այդ անչափահասները տարբեր սոցիալական ծագում ունեն, եւ նրանց արարքների վրա ազդող սոցիալական գործոններ չկան: Միայն երկու դեպք է արձանագրվել, որ հանցագործության կատարմանը նպաստել է չափահասի ազդեցությունը եւ խմբայնությունը, սակայն այս դեպքերում էլ դրականն այն է, որ արարքներում բացակայում է նախապատարաստվածությունը: Թմրամոլության իրացման դեպքերը կատարվել են նախկինում դատապարտված չափահաս անձի ազդեցության տակ, եւ անչափահասի կողմից դրսեւորվել է ինքնահաստատման վարքագիծ: Հատկանշական է, որ տարածաշրջանում անչափահասների կողմից կատարված հանցագործություններում բացակայում են բռնի, առանձին դաժանության դրսեւորումները: