Հունիսի 1-ը` տոն բոլոր երեխաների համար
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանի վարչական շրջաններում հունիսի 1-ին' Երեխաների պաշտպանության միջազգային օրը, նախատեսված են մի շարք տոնական միջոցառումներ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի վարչությունից, Ավան վարչական շրջանում' Ընտանիքի այգում, լինելու է Մանկական շոու ծրագիր:
Աջափնյակ վարչական շրջանում մանուկներին տոնի են հրավիրում Հ. Թումանյանի անվան զբոսայգում: Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում նախատեսված է 3 միջոցառում' Կազակների հուշարձանի հարակից տարածքում, Մ. Ավետիսյանի անվան պուրակում եւ Պ.Սեւակի այգում: Կենտրոն վարչական շրջանում նախատեսված է 2 միջոցառում' Կարապի լճի շրջակայքում եւ Մոսկովյան պուրակում: Մյուս վարչական շրջանները եւս տոնական համերգներով ու հանդիսություններով կդիմավորեն երեխաներին:
Երեխաների պաշտպանության միջազգային օրը, հատկապես հատուկ խնամքի եւ ուշադրության կարիք ունեն մտավոր ու ֆիզիկական արատներ ունեցող երեխաները: Նրանց տոնը լիարժեք դարձնելու համար ՀՀ-ում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում առաջատար «Սինոփսիս Արմենիա» ընկերությունը նախաձեռնել է այցելություն Խարբերդի մանկատուն: Ծրագրի մասնակից Գայանե Աստվածատրյանի խոսքերով' ակցիան նպատակ ունի օգնել մանկատան երեխաներին. նրանց համար հունիսի 1-ին տանելու են քաղցրավենիք, հագուստ, խաղալիքներ: Ցանկացած քաղաքացի կարող է դառնալ ակցիայի մասնակից' «Սինոփսիս Արմենիա» ընկերության մոտ ներկայանալով այն իրերով, որոնք ցանկանում է նվիրաբերել մանկատան սաներին: