Հայոց ցեղասպանությանը նվիրված գիտաժողով` Բուխարեստում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բուխարեստի Տնտեսագիտական ակադեմիայի Մեծ սրահում մայիսի 26-ին տեղի է ունեցել Հայոց ցեղասպանությանը նվիրված գիտաժողով, որին հատուկ հրավիրվել են ցեղասպանության խոշոր մասնագետներ' Մասաչուսեթսի Քլարկ համալսարանի պրոֆեսոր Թաներ Աքչամը եւ Փարիզ-VIII Սեն-Դենիի համալսարանի պրոֆեսոր Ռեյմոն-Հարություն Գեւորգյանը: Գիտաժողովին ներկա են եղել Ռումինիայի նախկին նախագահ Իոն Իլիեսկուն, ինչպես նաեւ ռումինական քաղաքական-հասարակական եւ գիտական շրջանակների եւ ԶԼՄ ներկայացուցիչներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, «Հայաստան. Մի ժողովրդի ճակատագիր» խորագրով գիտաժողովը բացել է Ռումինական ակադեմիայի փոխնախագահ Դան Բերինդեյը: Պատմաբան, վերջերս անգլերենով լույս տեսած «Հայոց ցեղասպանություն. Ամբողջական պատմություն» ստվարածավալ աշխատության հեղինակ Ռեյմոն Գեւորգյանը «Հայոց ցեղասպանություն. Ոչնչացում երկու փուլով, 1915-1916» զեկույցում անդրադարձել է հայերի արտաքսման եւ վերացման երիտթուրքական կառավարության հետեւողական քաղաքականությանը: Թուրք պատմաբան Թաներ Աքչամն իր «Ժխտողականությունը որպես ազգային անվտանգության հղացք» զեկույցում մեկնաբանել է արդի թուրքական կառավարության ժխտողական քաղաքականությունը եւ դրա բացասական հետեւանքները' ներքին եւ արտաքին առումով:

Ռումինիայի նախկին նախագահ Իոն Իլիեսկուն ողջունել է հայ եւ թուրք պատմաբանների մասնակցությամբ գիտաժողովի նախաձեռնությունը' համարելով այն այդ բարդագույն հարցի մեջ փոխհասկացողության կարեւոր օղակ:

Նույն օրը կեսօրին Թաներ Աքչամը եւ Ռեյմոն Գեւորգյանը հրավիրվել են ռումիանական «TVR Info» հեռուստակայան, ուր մոտ կեսժամանոց ուղիղ հաղորդման ընթացքում խոսել են ցեղասպանության իրականացման, ինչպես նաեւ հայ-թուրքական հարաբերությունների մասին: Հաղորդումից առաջ ցուցադրվել է հեռուստատեսության պատրաստած փաստագրական նյութ Հայոց ցեղասպանության մասին:

Մայիսի 27-ին Թաներ Աքչամը եւ Ռեյմոն Գեւորգյանը հանդիպում են ունեցել Բուխարեստի համալսարանի պատմության ֆակուլտետի դասախոսական կազմի եւ ուսանողության հետ: Կեսօրից հետո Բուխարեստի Ռումինական գյուղի թանգարանում տեղի է ունեցել Թաներ Աքչամի «Ամոթալի ակտ. Հայոց ցեղասպանությունը եւ թուրքական պատասխանատվության հարցը» գրքի ռումիներեն թարգմանության ներկայացումը:

Հայոց ցեղասպանության եւ թուրքական ժխտողականության վերաբերյալ միջոցառումները կազմակերպվել են Ռումինահայոց միության եւ Ռումինահայոց թեմի ջանքերով:

Հայերեն English