Մանկական կենտրոն` Կապանում
2 րոպեի ընթերցում

ԿԱՊԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Կապան համայնքի ավագանին որոշում է կայացրել ստեղծել «Կապան քաղաքի մանկական կենտրոն» համայնքային ոչ առեւտրային կազմակերպություն: Կենտրոնի նպատակն է կյանքի դժվարին իրավիճակներում գտնվող երեխաների սոցիալ-հեգեբանական, մանկավարժական, իրավական պաշտպանության աջակցության ծրագրերի իրականացումը:
«Այն պետք է նպաստի համայնքի մինչեւ 18 տարեկան երեխաների առողջ զարգացմանն ու բարեկեցությանը' երեխաների իրավունքները պաշտպանելու, ընտանիքներն ուժեղացնելու, համայնքի ռեսուրսները համախմբելու միջոցով: Համագործակցելով երեխաների հիմնախնդիրների լուծման իրավասություն ունեցող պետական մարմինների, հասարակական կազմակերպությունների եւ քաղաքացիների հետ' կենտրոնի խնդիրը պետք է լինի հայտնաբերել կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված երեխաներին», - «Արմենպրես»-ի Սյունիքի մարզի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքապետարանի քարտուղար Սվետլանա Արզումանյանը:
Հաստատությունը կգործի ամբողջ տարին: Այն կունենա գործունեության հստակ ծրագիր, որտեղ հաշվի կառնվեն կենտրոնի երեխաների հետաքրքրությունները, հակումները, ընտանիքի եւ կրթական համակարգի պահանջները: Ծրագրերի իրականացմանը կմասնակցեն նաեւ ծնողները: Կենտրոնը գործելու է Կապանի թիվ 6 մանկապարտեզի տարածքում, ունենալու է իր սեփական գույքը եւ 11 աշխատողներ, որոնց թվում' լոգոպետ, հոգեբան, սոցիալական մանկավարժ, սոցիալական աշխատող, իրավաբան: