Ջերմուկի ճոպանուղին պատրաստվում է նոր որակով ներկայանալ այցելուներին
2 րոպեի ընթերցում

ՋԵՐՄՈՒԿ, ՄԱՅԻՍԻ 17, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ջերմուկում բուռն թափով սկսվել են ճոպանուղու վերանորոգման ամենամյա գարնանային աշխատանքները:
«Ամեն տարի ձմռանից հետո մենք պարտադիր կատարում ենք ստուգման եւ թարմացման աշխատանքներ' քսայուղերով ու այլ պարագաներով, որպեսզի կարողանանք հավուր պատշաճի ընդունել մեր այցելուներին»,- «Արմենպրես»-ի Ջերմուկի թղթակցի հետ զրույցում ասաց ճոպանուղու տնօրեն Արմեն Թադեւոսյանը: Նրա խոսքով' այս ամենն արվում է ամենից առաջ անվտանգության նկատառումներից ելնելով, հետո նոր տարածքը զբոսաշրջիկների համար գեղեցիկ ու գրավիչ պահելու համար: Թարմացվում են նաեւ վերին ու ներքին կայանատեղիներում գործող սրճարանի եւ ռեստորանի ճաշատեսակները' այցելուներին այս տարի նոր որակով ներկայանալու համար:
Այս ամենից բացի, նախատեսվում է կազմակերպել արշավներ' հետիոտն եւ ձիերով: «Ձիերը կլինեն վերեւում, մարդիկ ճոպանուղով կբարձրանան սարի գագաթը, որտեղից կշարժվեն Արփայի կիրճ' նախապես գծած ուղով: Նրանց հետ կլինեն ուղեկցորդներ, ովքեր կօգնեն վրաններ կանգնեցնել, խմելու ջուր գտնել եւ կապահովեն անվտանգությունը»,- պարզաբանեց Ա. Թադեւոսյանը:
Նշենք, որ Ջերմուկի ճոպանուղին աշխատում է կլոր տարին' ընդունելով տարեկան միջինը 16-18 հազար այցելու: Պիկ շրջանն ամռանն է: Այս սեզոնին սպասարկվում է մոտ 12-13 հազար մարդ: