Սյունիքում նախապատրաստվում են մարդահամարին
2 րոպեի ընթերցում

ԿԱՊԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ընթացիկ տարվա հոկտեմբերին անցկացվելիք մարդահամարի նախապատրաստական աշխատանքները Սյունիքում շարունակվում են: Սյունիքի մարզպետի որոշմամբ' մարզում ստեղծված է մարդահամարի աշխատանքներին օժանդակող աշխատանքային խումբ' մարզպետի տեղակալ Վաչե Գրիգորյանի ղեկավարությամբ: Ըստ աշխատանքային խմբին ներկայացված տեղեկատվության' մարզի 6 քաղաքային համայնքներից միայն Քաջարան քաղաքում է, որ փողոցների անվանացույցերի, թաղամասերի, շենքերի եւ տների համարանիշերի առկայությունը 100 տոկոս է: Օրինակ' Կապանում այդ աշխատանքները բազմաբնակարան շենքերում կատարված են 100 տոկոսով, իսկ անհատական տներում' 40 տոկոսով, Գորիսում' համապատասխանաբար 60 եւ 50 տոկոսով եւ այլն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը Սյունիքի մարզից, առաջարկություն է արվել մարզի բոլոր համայնքների ղեկավարներին' հնարավորինս սեղմ ժամկետում պետական կառավարման իրավասու մարմինների' անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի, ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության տարածաշրջանային բաժինների հետ համատեղ միջոցներ ձեռնարկել հասցեային տնտեսությունների կարգավորման, առկա անճշտությունները շտկելու համար: Մարդահամարի նախապատրաստական աշխատանքների առաջիկա փուլով նախատեսված է նաեւ գյուղական համայնքներում կազմել գյուղական բնակավայրերի եւ դրանց տարածքում գտնվող այլ բնակատեղիների ցուցակները: «Հողշին մոնիտորինգ» ՊՈԱԿ-ի կողմից արդեն ավարտվել է մարզի 7 քաղաքների սխեմատիկ հատակագծերի պատրաստումը, ինչն անհրաժեշտ է մարդահամարի անցկացման համար: