Հասարակական

2012թ. կգործի Կենդանաբանական այգու դպրոցը

2 րոպեի ընթերցում

2012թ. կգործի Կենդանաբանական այգու դպրոցը

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2012թվականից գործելու է Երեւանի կենդանաբանական այգու դպրոցը, որը կհամագործակցի բոլոր հանրակրթական դպրոցների հետ: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը, մենք այսօր երեխաների բնակրթական դաստիարակության խնդիր ունենք: Նրա խոսքով' կրթությունը նպատակ ունի լրացնելու այն բացերը, որոնք հանրակրթական դպրոցում երեխաները չեն ստանում եւ չեն կարող ստանալ, քանի որ այդ կրթությունը հիմնված է նաեւ գործնական հատվածի վրա:

«Երեխան դասից հետո կարող է հասկանալ մարդու դերն ու նշանակությունն այս մոլորակի վրա, թե ընդհանուր մոլորակը, տիեզերքն ինչ են իրենցից ներկայացնում, յուրաքանչյուր կենդանու դերն ու նշանակությունը բնության մեջ, նրա վարվելաձեւը, նաեւ պրակտիկ մասով տեսնի, բայց ոչ վանդակների մեջ, այլ առավելագույնս իր բնական պայմաններում, որտեղ այդ կենդանին կարող է բազմանալ»,- նշեց Ռ. Խաչատրյանը' հավելելով, որ շեշտը դրվելու է հարավկովկասյան տարածաշրջանին հատուկ կենդանիների վրա, որոնց մենք չենք ճանաչում' լինելով այդ հարստության տերը:

Ըստ նրա' կարեւոր է, որպեսզի երեխան ճանաչի նաեւ մեր էնդեմիկ կենդանատեսակները, բույսերը, տեսնի ու հասկանա' ինչն է կարեւոր նրանց պահպանության համար, եւ մեծանալով' որսորդ չդառնա, այլ հասկանա նրանց նշանակությունը, որսորդական հրացանի փոխարեն ձեռքին ունենա լուսանկարչական սարք, եւ այլ լինեն հետաքրքրությունները' բնությունն ուսումնասիրելու, հետեւելու, ոչ թե սպառելու կամ ուտելու. սրանք, այգու տնօրենի գնահատմամբ, գլոբալ մոտեցումներ են, համամարդկային խնդիրներ, ոչ զուտ հայկական:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում