2 րոպեի ընթերցում
ԿԱՊԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ Կապանում գործազուրկների համար մեկնարկել են վերաորակավորման դասընթացները: «Այս տարի նախատեսված է ուսուցում կազմակերպել 43 գործազուրկի համար: Նրանցից 5-ի համար արդեն սկսվել են վարսահարդարման դասընթացները, որոնք անցկացվում են Կապանի պետական քոլեջում: Դասընթացները կտեւեն 3 ամիս, օրական 4 ժամ տեւողությամբ: Յուրաքանչյուր ամսվա համար մասնակիցները կստանան 15-հազարական դրամ կրթաթոշակ: Ըստ գործատուների հետ ձեռք բերված պայմանավորվածության' դասընթացն անցած գործազուրկների 20 տոկոսն անմիջապես կտեղավորվի աշխատանքի», - «Արմենպրես»-ի Սյունիքի մարզի թղթակցին տեղեկացրեց Կապանի զբաղվածության մարզային կենտրոնի փոխտնօրեն Արայիկ Հայրապետյանը:
Ընթացիկ ամսում եւս 9 գործազուրկի համար կկազմակերպվեն դասընթացներ' դարձյալ վարսահարդար-ոճաբանի մասնագիտացմամբ: Գործազուրկներից 5-ը կլինեն Քաջարանից, ուսուցումը նրանց համար կկազմակերպվի տեղում: Բացի կառավարության ֆինանսավորմամբ կազմակերպվող որակավորման բարձրացման դասընթացներից, Կապանում ընթացքի մեջ է նաեւ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ֆինանսավորմամբ եւս 6 գործազուրկի ուսուցումը' բանջարաբոստանային կուլտուրաների մշակման տեխնոլոգիա եւ կաթի ու կաթնամթերքի արտադրություն մասնագիտացումներով: Այս դասընթացները, որոնք անցկացվում են Կապանի փոքր ֆերմերների ասոցիացիայում, կտեւեն երկու ամիս: Յուրաքանչյուր ամսվա համար գործազուրկները կստանան 20-հազարական դրամ կրթաթոշակ: Դասընթացների ավարտից հետո նրանք աշխատանքի կանցնեն ֆերմերների ասոցիացիայում: «Ծրագրերը կազմակերպում ենք' հաշվի առնելով աշխատաշուկայի պահանջարկը: Վերլուծությունը ցույց է տալիս, որ մինչեւ տարեվերջ անհրաժեշտ կլինի կազմակերպել նաեւ հաշվապահների որակավորման բարձրացման եւ համակարգչային դասընթացներ եւս», - ասաց Ա.Հայրապետյանը: