Հասարակական

ՀՀ նախագահի մասնակցությամբ բացվեց «Գրանդ սպորտ» մարզաառողջարանական եւ մարզաուսումնական համալիրը

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանի Շենգավիթ վարչական շրջանում այսօր տեղի ունեցավ «Գրանդ սպորտ» մարզաառողջարանական եւ մարզաուսումնական համալիրի բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էր Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը: Խորհրդանշական կարմիր ժապավենը կտրեցին ՀՀ փոխքաղաքապետ Տարոն Մարգարյանը եւ «Գրանդ հոլդինգ» ընկերության համահիմնադիրներից' ԱԺ պատգամավոր Միքայել Վարդանյանը:

Հանրապետության ղեկավարը շրջեց համալիրում, ծանոթացավ ստեղծված պայմաններին, մարզասրահներին:

Մ. Վարդանյանի խոսքով' պետության կայացման համար կարեւոր է ոչ միայն հասարակության սոցիալական բարեկեցությունն ու ազգային ինքնագիտակցությունը, այլեւ առողջության պահպանումը: «Խորհրդային տարիներին առողջ ապրելակերպի պահպանման քարոզչությունը նույնքան կարեւոր դեր էր խաղում հասարակության կյանքում, որքան կոմունիստական գաղափարախոսության քարոզչությունը: Երրորդ հանրապետության ստեղծումից հետո բազմաթիվ մարզադպրոցներ եւ մարզաառողջարանական համալիրներ փակվեցին կամ անուշադրության մատնվեցին, սակայն ներկայում դրանց թիվը գնալով աճում է, ինչը նաեւ արտահայտվում է մարզաշխարհում մեր հանրապետության ունեցած հաջողություններով»,- նկատեց նա:

Ըստ Մ. Վարդանյանի' համալիրում կան բոլոր պայմանները տարբեր սպորտաձեւերի ուսուցման, առողջ ապրելակերպի, հանգստի եւ ժամանցի ճիշտ կազմակերպման համար: «Հայ ժողովուրդը պետք է առողջ լինի ե'ւ ֆիզիկապես, ե'ւ հոգեպես: Դա ամենամեծ հարստությունն է մեր երկրի համար»,- ասաց նա:

Համալիրը զբաղեցում է 7000 քմ տարածք, որից 3200 քմ –ն զբաղեցնում է եռահարկ շինությունը, նույնքան' բակը' ամառային վոլեյբոլի եւ մեծ թենիսի կորտերով, ավտոկայանատեղիով եւ ավելի քան 600 քմ կանաչ տարածություն: Սա Շենգավիթ եւ Էրեբունի համայնքներում գտնվող մարզաառողջարանական եւ մարզաուսումնական միակ եւ առաջին մեծածավալ համալիրն է, եւ այդ պատճառով են «Գրանդ սպորտ»-ի սեփականատերերն ընտրել այս համայնքը: Համալիրի ստեղծման համար կատարվել է մոտ 7 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ներդրում.

Բոլոր մարզադահլիճներն ունեն միջազգային չափանիշերին համապատասխան չափեր եւ բարձրակարգ մանրահատակ: Ըստ Մ. Վարդանյանի' մարզադահլիճներում աշխատում են միջազգային որակավորում ունեցող մարզիչներ: Բասկետբոլի միջազգային լիգայի չափանիշերին համապատասխան' բասկետբոլի դահլիճի գծանշումը եւ գունավորումը կատարվել են արտեկրից հրավիրված մասնագետների ցուցումներով: Այն ծառայելու է նաեւ որպես վոլեյբոլի եւ մինի ֆուտբոլի դահլիճ: Դահլիճում կա նույնիսկ ալպինիզմով զբաղվելու հնարավորություն: Ուժային մարզասարքերի դահլիճը համալրված է հատուկ «Գրանդ սպորտ»-ի համար պատվիրված մարզագույքով:

Համալիրում կա ուժային մարզասարքերի եւս մեկ դահլիճ, որը նախատեսված է ընտանեկան այցելությունների համար: Մարզասարքերն աշխատում են օդով եւ անաղմուկ են: Բացի այդ, համալիրում կա Հայաստանում անհայտ սպորտաձեւի' սքվոշի երկու կորտ: 150 տարվա պատմություն ունեցող այս սպորտաձեւի կորտերը, կառուցված արտերկրից հրավիրված մասնագենտների ցուցումներով, առաջինն են Հայաստանում: Բիլիարդի սրահում տեղադրված են ռուսական եւ ամերիկյան տեսակի սեղաններ: Համալիրում գործում է հրաձգարան եւ ծանրամարտի դահլիճ: Լողավազանն ունի 25 մետր երկարություն եւ չորս լողուղի: Այն նախատեսված է նաեւ ակվաաերոբիկայի համար: Ամառային մարզահրապարակները երկուսն են' մեծ թենիսի եւ ծովափնյա վոլեյբոլի կորտեր: Վերջինը նույնպես միակն է Հայաստանում, որի համար արտերկրից ներկրվել է ծովափնյա հատուկ ավազ:

Բոլոր մարզասրահները հագեցած են հիգիենայի պահպանման համար անհրաժեշտ պայմաններով, իսկ հանդերձարանների պահարաններն ունեն անհատական էլեկտրոնային փականներ: Համալիրում գործելու են նաեւ մի քանի բար-սրճարաններ եւ երկու առանձնացված շոգեբաղնիք' կանանց եւ տղամարդկանց համար: Փոքրիկ այցելուների համար գործում է մանկական սրահ, եւ ծնողնեը կարող են համալիր այցելել երեխաների հետ, որտեղ մասնագետները տարբեր խաղերով կզբաղեցնեն նրանց: Ծառայությունների գնային սանդղակը ներառում է երկու կատեգորիա: Մատչելի գներ կսահմանվեն ֆիքսված գրաֆիկով սպորտային խմբակների համար եւ համեմատաբար ավելի բարձր գներ' առանց ֆիքսված գրաֆիկի եւ անհատական մարզչով այցելուների համար.

«Համալիրը լիովին համապատասխանում է միջազգային չափանիշերին: Համոզված եմ, որ այստեղից դուրս կգան բազմաթիվ չեմպիոններ: Սակայն այն կծառայի ոչ միայն մարզիկներին եւ սպորտի սիրահարներին, այլեւ ողջ հասարակությանը»,- ասաց Մ. Վարդանյանը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում